Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընտրություններից դժգոհում են նաեւՊրահայում


Մինչ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպում էր Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հետ, նախագահի նստավայրի դիմաց հավաքված Պրահայի եւ Ռուսաստանի քաղաքացիները պահանջում էին պատժել դեկտեմբերի 4-ի ընտրակեղծիքների մեղավորներին:

Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել էին տասնյակ պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Ամոթ», «Դատել Մեդվեդեւին եւ Պուտինին՝ ընտրակեղծիքների համար», «Ռուսաստանն առանց Պուտինի», «Թող հեռանան ընտրակեղծարարներն ու գողերը», «Պուտինն ու Մեդվեդեվը գողացել են մեր ձայները»:

Ռուսաստանի ընտրությունները՝ «օլիմպիական սպորտաձեւ»

Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, թե դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում տեղի են ունեցել ոչ թե խորհրդարանի ընտրություներ, այլ ցուցադրվել է սպորտաձեւ, «որը հնարավոր է նաեւ ներառել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ»:

«Այդ սպորտաձեւի առանձնահատկությունն արագ քվեարկությունն է», - հայտարարում էին դեկտեմբերի 4-ի ընտրություններից դժգոհ քաղաքացիները: - «Իսկ խաղի կանոններից է, օրինակ, սա. «Ով կհասցնի ավելի շատ քվեաթերթիկ քցել ընտրատուփի մեջ, կհաղթի... «Եդինոյա Ռոսիան»:

«Մարդը, որը կոչվում է դիտորդ, եթե փորձի միջամտել մրցմանը, նրա վրա պետք է թքած ունենալ». սա էլ «սպորտաձեւի» երկրորդ կանոնն է, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների:

Ռուսաստանի ընտրություններին ընդդիմացող քաղաքացիները ցուցադրեցին մի փոքրիկ բեմադրություն՝ արտահայտելով այն, թե իրականում Ռուսաստանի ընտրատեղամասերում ինչ ընթացք է ունեցել քվեարկությունը, պայմանական ընտրողներն ինչպես են մասնակցել ընտրական կարուսելին, բազմակի քվեարկությունն ինչ արագությամբ են անցկացրել իշխող «Եդինոյա Ռոսիա»-ի կողմնակիցները եւ ինչպես են ընտրական հանձնաժողովի անդամներն ու դիտորդները սատարել ու քաջալերել նրանց:

«Խոսք՝ ուղղված Մեդվեդեւին»

Բողոքի ակցիայի մասնակիցներն ափոսանք հայտնեցին, որ Մեդվեդեւին հանդիպելու որեւէ հնարավորություն չունեն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կասեիք նրան, ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանեց. - «Կասեի՝ չի կարելի վախկոտ լինել: Պետք է կա'մ վերադարձնել իշխանությունը, կա'մ այն ծառայեցնել ոչ թե օլիգարխներին, այլ հայրենիքին»:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, թե Մեդվեդեւին ցանկանում է փոխանցել հետեւյալը. - «Դմիտրի Անատոլեւիչ, հերիք է ստեք… Դուք իրավաբան եք եւ գիտեք, թե ինչ եք անում»:

Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Մեդվեդեւի հրաժարականը, քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը:


Ոստիկանները՝ Պրահայում

Չեխիայի նախագահի նստավայրի մոտ կազմակերպված ակցիայի ամբողջ ընթացքին լուռ հետեւում էին ոստիկանները: Նրանք անգամ չփորձեցին մոտենալ քաղաքացիներին, որեւէ ցուցում տալու փորձ անգամ չարեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG