Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Հայաստանը թույլ չի տա մոռացության մատնել Մեծ եղեռնը


Ի պատիվ աշխատանքային այցով Մարսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից տրվել է ընդունելություն, որին մասնակցել են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելության ժամանակ նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է Մարսել քաղաքի դերին` Հայոց ցեղասպանությունը վերապրած տարագիրներին ընդունելու հարցում: Դիմելով Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչներին, ում մեջ քիչ չեն Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները, Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը թույլ չի տա մոռացության մատնել Մեծ եղեռնը:

«Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ», - նշել է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Մեր դիրքորոշումը չի փոխվել, եւ այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարեւան երկրներին: Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է համաեվրոպական կառույցներում Հայաստանի տեղն ու դերն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքին, եւ շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին ու մասնավորապես Ֆրանսիայի նախագահին Հայաստանի ջանքերին սատար կանգնելու համար, այս հարցում կարեւորել է նաեւ Եվրոպայի հայերի դերը:

«Մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Եվ առաջին պատասխանատուն այդ թերությունների համար, իհարկե, ես եմ: Բայց ուզում եմ, որպեսզի բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, նաև հաջողության պատիվը», - ասել է նախագահը:

Ամփոփելով խոսքը` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային եւ ֆրանսահայերին, մարսելցիներին ու մասնավորապես, մարսելահայերին՝ «իրենց վերաբերմունքի համար, իրենց եռանդի համար ու նաեւ իրենց հաջողության համար, որովհետեւ աշխարհի որեւէ երկրում հաջողության հասած հայը Հայաստանը դարձնում է ավելի ճանաչելի»:

«Եվ ուզում եմ մեկ անգամ եւս իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Գոդենին իր բոլոր գործերի համար և հաճույքով նրան հրավիրում եմ Երեւան», - եզրափակել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG