Մատչելիության հղումներ

«ԵԺԿ-ի անդամակցությունը խթան կլինի ՀՀԿ-ի համար»


ՀՀԿ-ի ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ի ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լուրջ ձեռքբերում է համարել իր ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ):

«Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը, մեծ դահլիճում ինձ հանձնելով ԵԺԿ կրծքանշանը, ասաց, որ մենք եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք: Սա մեզ համար լուրջ ձեռքբերում է», - երեկ Մարսելում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, երեկ ԵԺԿ համաժողովում, որին մասնակցում էր Հայաստանի նախագահը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը հայտարարեց, որ իրենց անդամակցելու համար դիմած հայաստանյան երեք կուսակցություններ` Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ: Ավելին` Մարտենսը ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանին անձամբ հանձնեց ԵԺԿ-ի կրծքանշանը:

«Դուք ձեր հարեւանների հետ կապված համարձակ նախաձեռնություններով եք հանդես եկել. կարող եմ առանձնացնել հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունները: Դուք երկրի ներսում հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու պարտավորություն եք ստանձնել: Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն եւ այս ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի: Անկասկած, ձեր ղեկավարած կուսակցությունը` Հանրապետականը, ինչպես նաեւ «Օրինաց երկիր»-ն ու «Ժառանգություն»-ը, մոտ ապագայում կարող են դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերները», - ասել է Մարտենսը:

Հարկ է նշել, որ ԵԺԿ-ին անդամակցելու համար դիմել էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն վերջինիս անունը Մարտենսը որեւէ կերպ չշոշափեց:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրայանը այդ կապակցությամբ ասել է. - «Աստված իրենց հետ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ խնդիր, որեւէ պրոբլեմ այդտեղ չի տեսնում»:

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, շատ կարեւոր է, որ Եվրոպայի ամենաազդեցիկ կուսակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավարը ընդունում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականության արդյունքում իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ հենց իշխող կուսակցության կողմից իրականացվող ժողովրդավարական փոփոխությունների արդյունքում է նաեւ, որ ՀՀԿ-ին հնարավորություն է տրվում անդամակցել ԵԺԿ-ին:

«Բնականաբար, ոչ ոք միայն գեղեցիկ աչքերի համար նման լուրջ կառուցները չի ընդունում: Բոլորին այսօր գլոբալացվող աշխարհում, եվրոպական տարածաշրջանում ընդունում են հստակ գործերի համար, իսկ այն, որ Հանրապետականի ու նախագահ Սարգսյանի գործերը հստակ են եւ ի շահ ժողովրդավարության զարգացնում ու ի շահ Հայաստանի Հանրապետության ամրապնդման, սա փաստ է», - ասաց նա:

Հարցին, թե արդյոք անդամակցությունը ԵԺԿ-ին իշխող կուսակցությանը կստիպի ավելի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել առաջիկայում, Շարմազանովն արձագանքեց. - «Նախ, ստիպելը քաղաքական կատեգորիա չէ, մենք գործընկերային հարաբերությունների մեջ ենք, եւ այստեղ ստիպելու խնդիր չկա: Հանրապետական ինքն է ամրագրել, որ մեզ համար հաջորդ ընտրությունների ավելի թափանցիկ, որակապես ավելի դրական անցկացնելը շատ կարեւոր է… Միանշանակ նաեւ այս անդամակցությունը ավելի պարտավորեցնող է եւ խթան կլինի ե’ւ Հանրապետականի համար, ե’ւ հայ-եվրոպական հարաբերությունների համար»:

Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստացել է ԵԺԿ-ի կրծքանշան, ղեկավար ՀՀԿ-ականի խոսքով, «փաստացի հարթեց ճանապարհը դեպի Եվրոպական ժողովրդական կուսակցության ընտանիքի անդամ»:

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ այսուհետ իր կուսակիցները ՀՀԿ-ի կրծքանշանի կողքին կկրեն նաեւ ԵԺԿ-ի կրծքանշանը, Շարմազանովը արձագանքեց. - «Հանրապետականի կրծքանշանը մեր սրտում է: Եվ Հանրապետականի գաղափարախոսությունը համահունչ է համամարդկային արժեքներին եւ ժողովրդավարությանը»:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ԵԺԿ-ին իրենց կուսակցության անդամակցության վերաբերյալ ասաց, թե «անշուշտ, այդ ազդեցիկ կուսակցությանն անդամակցելը հնարավորություն է տալիս միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի համար բարեկամներ ձեռք բերել, խորացնել կապը եվրոպական կառույցների հետ»:

«Ես ուզում եմ այդպիսի հույս ունենալ, որ շփվելով եվրոպական կուսակցական այդ ընտանիքի հետ, որի հետ երկար շփվել է «Ժառանգություն»-ը, խորապես կհասկանան բարեփոխումների խորքային, համակարգային փոփոխությունների էությունը, անհրաժեշտությունը, եւ դա ինչոր կերպ կազդի նաեւ Հայաստանի վիճակի վրա», - հավելեց Սաֆարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG