Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները արդար ընտրությունների խոստմանը չեն հավատում


Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացմամբ, իշխանությունները փորձելու են կեղծել առաջիկա ընտրությունները:

Ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրախախտումները կանխելու վերաբերյալ այսօր Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեցին Ֆելիքս Խաչատրյանը` Հայ ազգային կոնգրեսից, Արմեն Մարտիրոսյանը` «Ժառանգությունից», Արծվիկ Մինասյանը` Հայ Յեղափոխական Դաշնակցությունից եւ Արմեն Առաքելյանը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից:

«Մեկ մարդու կամքից է կախված ընտրությունների նորմալ անցկացումը, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, բոլորիս աչքի առաջ է, բոլորս տեսնում ենք», - հայտարարեց Ֆելիքս Խաչատրյանը, ով եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ, մանրամասնելով, որ իր կողմից նշված «մեկ մարդը», ում կամքից է կախված առաջիկա ընտրությունների նորմալ անցկացումը, Հանրապետության նախագահն է:

Շարունակելով, Խաչատրյանը հիշեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի մահվանից հետո, ԿԸՀ-ում անցկացվելիք ընտրություններից 6 օր առաջ թերթերը գրեցին, որ Տիգրան Մուկուչյանը լինելու է հանձնաժողովի նախագահ:

«Դե հիմա եկեք ասեք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ պետական մարմին է», - եզրափակեց Ֆելիքս Խաչատրյանը` կարծիք հայտնելով, որ նման պայմաններում ընտրված լինելով` Տիգրան Մուկուչյանը կատարելու է իշխանությունների կամքը: - «Էլ ի՞նչ կամքի մասին է խոսքը: Կամքը ձեր ձեռքում է, ինչ ուզում եք` անում եք»:


Վերջին խոսքերն ուղղված էին Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանին, ով իր ելույթում նշել էր, թե չնայած իշխող կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները լինելու են Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության մեջ լավագույնը, սակայն շատ բան կախված է նաեւ այլ քաղաքական ուժերի ու ընդհանրապես` ողջ հասարկության կամքից:

«Իհարկե, որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ ընտրական գործընթացում պարտված կուսակցությունները կրկին անգամ չեն փորձելու ցեխ շպրտել ընտրական ողջ գործընթացի վրա», - նշեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Զաքարյանն, այնուհետեւ, այսպես արձագանքեց ընդդիմադիրների կողմից առաջիկա ընտրությունների հետ կապված հնչող գնահատականներին, թե իշխանությունները փորձելու են կեղծել դրանք. - «Իմ պատկերացումն այն է, որ ոչ թե մենք տեսանք ընդդիմադիր կեցվածք, այլ ապագա ընտրությունների նկատմամբ հերետիկոսական մոտեցումներ»:

«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց Արտակ Զաքարյանին. - «Հիմա իմ ողջակիզումը կսկսվի որպես հերետիկոս, բայց պատմությունը ցույց է տվել` ե՛ւ Կոպեռնիկոսը ճիշտ դուրս եկավ, ե՛ւ Գալիլեո Գալիլեյը: Գործընթացները հենց այդ ուղղությամբ էլ գնում են, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ամբողջ սրտացավությամբ եւ մեծ մտահոգությամբ գրված նամակը Սերժ Սարգսյանի կողմից այնպիսի պատասխանի արժանացավ, որը բացի առարկայական քննադատությունից դիտվեր հայերենում բացասական բոլոր ածականներով»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե վստահ են, որ ընտրությունները կեղծվելու են, Հայ ազգային կոնգրեսը միեւնույնն է` մասնակցելո՞ւ է ընտրություններին, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց. - «Մենք դա դեռ չենք քննարկել, բայց ես կարծում եմ, որ այո, նահանջելը սխալ է: Մենք պետք է մասնակցենք, պայքարենք: Պարտադիր չէ, որ մենք իշխանության հասնենք: Մեր խնդիրը իշխանությունը ժողովրդին տալն է: Ծեծենք, ծեծվենք... ի՞նչ անենք: Գնանք նստենք մեր տանը` կասեն լավ է: Սխալ է չմասնակցելը: Իմ կարծիքն է դա, ոչ Կոնգրեսի»:

Ընդդիմադիրները արդար ընտրությունների խոստմանը չեն հավատում
please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG