Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում


Բողոքի ցույցը Մոսկվայի կենտրոնում, 5-ը դեկտեմբերի, 2011թ.
Բողոքի ցույցը Մոսկվայի կենտրոնում, 5-ը դեկտեմբերի, 2011թ.
Երկուշաբթի օրը Մոսկվայում անցել է վերջին տարիների համար աննախադեպ բողոքի բազմամարդ ակցիա, որը կազմակերպել էր «Սոլիդարնոստ» («Համերաշխություն») շարժումը։

Ընդդիմադիր դեմոկրատների կազմակերպած հավաքին, ըստ ոստիկանների, մասնակցել է 2 հազար, ըստ ընդդիմադիրների՝ 5 - 10 հազար մարդ։ Այսքան շատ մարդ վաղուց չէր հավաքվել Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում։

Մոսկվացիները բողոքում են կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

Իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքին մասնակցել են հայտնի ընդդիմադիրներ Բորիս Նեմցովը, Արտեմի Տրոիցկին, ընդդիմադիր բլոգերներ, հրապարակախոսներ Ալեքսեյ Նավալնին, Վիկտոր Շենդերովիչը եւ այլոք։

Հանրահավաքին մասնակցելու կոչը տարածվել էր սոցիալական ցանցերով՝ Facebook-ով եւ Twitter-ով։

Ընդդիմադիրները եւ նրանց աջակցող մոսկվացիները չեն ուզում ճանաչել ընտրությունների արդյունքները եւ ասում են, որ դրանք կեղծված ընտրություններ են՝ եղել են բազմաթիվ խախտումներ ե՛ւ ընտրությունների ժամանակ, ե՛ւ նախընտրական փուլում։

Լոզունգները այս հանրահավաքին եւ դրան հետեւած երթին հին կարգախոսներն էին՝ «Ռուսաստանը առանց Պուտինի եւ «Եդինայա Ռոսիա»-ի», «Ռուսաստանը մենք ենք», «Սա մեր քաղաքն է», եւ այլն։

Հանրահավաքին հետեւած երթը արտոնված չէր, եւ եղել են բազմաթիվ բախումներ ոստիկանների հետ։ Շուրջ 300 մարդ ձերբակալվել է։

Նույնպիսի ակցիա անցկացվել է նաեւ Սանկտ Պետերբուրգում։

Ռուսաստանի իշխանությունները, իրենց հերթին, ասում են, որ ընտրությունները արդար էին։ Մասնավորապես, նման հայտարարություն է արել նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է։

Դեկտեմբերի 4-ի ընտրությունների արդյունքներով, Պետդումա է անցել 4 կուսակցություն՝ նույն կուսակցությունները, որ այսօր էլ ներկայացված են խորհրդարանում՝ «Եդինայա Ռոսիա»-ն, կոմունիստները, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն։

«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է 49.5 տոկոս՝ 14 տոկոսով պակաս, քան կուսակցությունը ստացել էր 2007 թվականին, եւ այսօր չունի սահմանադրական մեծամասնություն Պետդումայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG