Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին


Բրյուսել կատարած այցի շրջանակներում Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Հայաստանի կառավորության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը:

«Մենք իրականացնում ենք լուրջ եւ հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձեւաչափով», - ասել է վարչապետը` նշելով, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն:

«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հարաբերությունների եւ համագործակցության զարգացման գործում», - ասել է Ֆյուլեն:

Անդրադառնալով ԵՄ - Հայաստան հարաբերություններին, Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին, այդ նպատակով մեր երկրին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը:

Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Նշելով, որ առկա է ՀՀ - ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը` զրուցակիցները կարեւոր են համարել դրա ներդաշնակեցումն ու իրականացումը` որպես մեկ միասնական փաթեթ:

Օրվա երկրորդ կեսին սպասվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի եւ Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիայիդիսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG