Մատչելիության հղումներ

Հեֆերն. «Առաջիկա ընտրությունները կարեւոր են Հայաստանի հեղինակության համար»


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, 17-ը հոկտեմբերի, 2011թ.
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, 17-ը հոկտեմբերի, 2011թ.
2012 եւ 2013 թվականների ընտրությունները կարեւոր են Հայաստանի ու Հայաստանի հեղինակության համար ողջ աշխարհում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե որքանո՞վ կազդեն ներկայիս քաղաքական իրավիճակն ու ներիշխանական վիճակը ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացման վրա եւ արդյոք խնդիրներ այդ պարագայում չե՞ն առաջացնի, դեսպանը պատասխանեց. - «Քանի որ ընդամենը վեց շաբաթ եմ այստեղ, մտադիր եմ հանդիպումներ ունենալ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի ներքին քաղաքական իրավիճակի մասին կարողանամ համակողմանի պատկերացում կազմել»:

Ջոն Հեֆերնը շարունակելով նշեց, որ չնայած բոլորը դժվարություններ ու մարտահրավերներ են տեսնում ընտրությունների անցկացման ճանապարհին, սակայն ինքն այն կարծիքին է, որ մի հարցի շուրջ բոլորը համակարծիք են. անհրաժեշտ է, որպեսզի առաջիկա ընտրությունները լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ։

Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան Հայաստանում ընտրությունների անցկացման գործընթացում ԱՄՆ-ի դեսպանը ընդգծեց նաեւ լրատամիջոցների դերը: Նա նշեց, որ մամուլի ազատության հարցը իրենք հաճախ ենք քննարկում նաեւ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում: «Կարեւոր է, որպեսզի լինեն հավասար պայմաններ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերի համար լրատվամիջոցները կարողանան քիչ թե շատ հավասարապես հասանելի լինել», - ամփոփեց Հեֆերնը:

Դեսպանը տիկնոջ հետ շաբաթ օրը մասնակցում էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան ու Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի ամենամյա գինու եւ պանրի համտես-երեկոյին։

Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ դեսպանատանն իրենց արտադրանքն էին ներկայացնում ու հյուրասիրում 8 գինեգործական եւ 10 պանրագործարան ընկերություններ: Նրանք դեսպանատուն եկած հյուրերին 25 տեսակի հայկական գինի ու 14 տեսակի տեղական արտադրության պանիր համտեսելու հնարավորություն ընձեռեցին:

Ամերիկյան դեսպանատանն անցկացվող գինու եւ պանրի ամենամյա համտես-երեկոն 12 տարվա պատմություն ունի:


please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG