Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական թեկնածուն ընտրվելուց հետո դարձել է ՀՀԿ-ական


Հանրապետական կուսակցության Նոր Կեսարիայի կառույցի ցուցանակը` փակցված գյուղապետարանի շենքին
Հանրապետական կուսակցության Նոր Կեսարիայի կառույցի ցուցանակը` փակցված գյուղապետարանի շենքին
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի նորընտիր գյուղապետ, արդեն նախկին ԲՀԿ-ական Հրայր Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ նախօրեին Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում է գրել:

Հիշեցնենք, այս կիրակի կայացած ընտրություններից մի քանի օր առաջ Հրայր Գալստյանը դուրս էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ փաստորեն ընտրվելուց անմիջապես հետո Հանրապետականին անդամագրվելու որոշում կայացրել: Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին գյուղապետը Նոր Կեսարիայում չէր, ավելի ուշ հեռախոսազրույցում պատասխանեց հարցերին եւ ասաց իր որոշումը չի ցանկանում մեկնաբանել: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ գյուղապետի վրա մարզպետարանից ճնշումներ են եղել, Գալստյանը ասաց. - «Դա աբսուրդ է, ոչ մի անհանգստացնող հանգամանք չեմ ունեցել, որ իմ կուսակցական պատկանելությունը փոխեմ,[մարզպետարանից] ընդամենը զանգել, կանչել են շնորհավորելու»:

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարության հետ քննարկել է կուսակցությունից դուրս գալու իր որոշումը, Գալստյանը պատասխանեց. - «Իմ անձնական կարծիքն է եղել իմ դուրս գալը, ընդամենը շնորհավորանքներ են եղել»:

Մինչդեռ հայաստանյան մամուլում այսօր տեղեկություններ կային, որ Հանրապետականին անդամագրվելու որոշման պատճառով նորընտիր գյուղապետը ԲՀԿ-ի Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանի հետ ծանր խոսակցություն է ունեցել, իսկ Հանրապետականի շարքերը համալրել է Արմավիրի հանրապետական մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հորդորներով:

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք առաջիկա ընտրություններում համայնքում ձայներ ապահովել Հանրապետական կուսակցության համար, որին անդամագրվելու դիմում է ներկայացրել օրերս, գյուղապետ Հրայր Գալստյանը կարճ պատասխանեց. - «Դե, ես թողնելու եմ ժողովրդի խղճի վրա, ով ոնց կցանկանա»:

Տասը տարուց ավելի գյուղը ղեկավարած արդեն նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Հրանուշ Սերոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասն ներկայացնում էր անցած տարիներին արած աշխատանքը, ասում էր, որ գյուղը ժառանգել է պարտքերով, ոտքի է կանգնեցրել, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չվերընտրվեց, այսպես պատասխանեց. - «Երեւի ժողովուրդը փոփոխություն էր ուզում, չգիտեմ: Ես ընդամենը կին, հզոր ուժերի դեմ ո՞վ եմ», - ասաց Սերոբյանը` հավելելով, որ «ոչ մի բան» նկատի չուներ «հզոր ուժեր» ասելով:

«Իշխող կուսակցության անդամ եմ, էդ երիտասարդ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր թեկնածությունը առաջադրելիս, թեկնածությունը հաստատելուց հետո ամսի 16-ին ԲՀԿ-ից դուրս եկավ, դարձավ հանրապետական: Չեմ կարող ասել, թե ինչու, եզրակացությունը թողնում եմ ձեզ: Մեր գյուղի տղան է, թող լավ բաներ անի, գյուղի համար է», - ասաց նախկին գյուղապետը:

Ընտրություններում գրեթե կրկնակի պակաս ձայներ ստացած գյուղապետ Հրանուշ Սերոբյանն ասաց մտադրություն չունի դուրս գալ Հանրապետական կուսակցությունից:

«Երբեք, երբեք այդ վկայականից չեմ հրաժարվի», - ասաց Սերոբյանը` վստահեցնելով, որ չվերընտրվելու պատճառով մարզպետարանում իրենց չեն նախատել, միայն ափսոսել են, որ ինքը չի վերընտրվել:

Նոր Կեսարիայի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիմնականում խուսափում էին գնահատել Հրայր Գալստյանի որոշումը: Այդուհանդերձ, ոմանք կարծիք էին հայտնում, որ Հանրապետական կուսակցությունից ճնշումներ են եղել իրենց նորընտիր գյուղապետի վրա, եւ դրանով է պայմանավորված կուսակցությանն անդամագրվելու նրա որոշումը:

Նորընտիր գյուղապետի համակիրներն էլ դժվարանում էին բացատրել որոշումը, թեեւ չէին էլ դժգոհում, ասում էին, թե նախկին գյուղապետի օրոք ճնշված են եղել:

«Ինքը [Սերոբյանը] շատ էր հպարտանում Հանրապետականով, մենք էլ մտանք Հանրապետական, որ ինքը էլ չհպարտանա էդ Հանրապետականով», - ասաց երիտասարդ մի տղամարդ:

Հատկանշական է, որ գյուղացիները պնդում էին, որ գյուղի բնակչության մեծամասնություն (նրանց խոսքով` մոտ 90 տոկոսը), ԲՀԿ-ի համակիրներ են, եւ անգամ գյուղապետի հանրապետական դառնալուց հետո, առաջիկա ընտրություններում իրենց գյուղում միեւնույնն է հաղթելու է ԲՀԿ-ն:

Ի դեպ, գուղապետարանի շենքին փակցված է ցուցանակ, որի վրա գրված է` Հանրապետական կուսակցության Նոր Կեսարիայի կառույց: Գյուղապետ Հրայր Գալստյանը ասաց, որ քանի դեռ չի գնում գյուղապետարան, չի կարող ասել, թե իր պաշտոնավարման օրոք էլ կշարունակի կուսակցության գրասենյակը գործել գյուղապետարանում, թե` ոչ:

please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG