Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը այցելեց Ուրուգվայ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը կարճատեւ այց է կատարել Ուրուգվայ։

Արգենտինայից Սահակյանը եւ իր գլխավորած պատվիրակությունը մեկնել են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի անձնական օդանավով։

Մոնտեվիդեոյում Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը ճաշ է կազմակերպել ի պատիվ Ղարաբաղի նախագահի, ապա պատվիրակությունը այցելել է հայկական եկեղեցի եւ «Արմենիա» հրապարակ։

Բակո Սահակյանը ոչ պաշտոնական ընդունելության է արժանացել Ուրուգվայի Օրենսդիր պալատի կից շենքում, որին մասնակցել են Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Լուիս Լակալեն, զբոսաշրջության եւ սպորտի փոխնախարար Լիլիան Քեշիշյանը, միջազգային գործերի հանձնաժողովի եւ Հայաստան - Ուրուգվայ միջխորհրդարանական հանձնախմբի բազմաթիվ պատգամավորներ։

Հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախագահը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի պետության հայանպաստ կեցվածքի համար, ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի ծագման պատմությունը եւ նշել է, որ հույս ունի համագործակցել Ուրուգվայի օրենսդիրների հետ, որպեսզի հաստատուն քայլերով շարունակվի Ղարաբաղի միջազգային ճանաչումը։

Բակո Սահակյանը հայտարարել է, որ Ղարաբաղի անկախության հռչակմամբ կանխվել է նոր ցեղասպանության իրագործումը 20-րդ դարի վերջին` Ադրբեջանի կողմից։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG