Մատչելիության հղումներ

Սուրճ իրացնող ընկերությունները տուգանվեցին 25 միլիոն դրամի չափով


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր 5-ական միլիոն դրամ (ավելի քան 13 հազար դոլար) տուգանք է կիրառել սուրճի շուկայում գործող 5 ընկերությունների նկատմամբ` անբարեխիղճ մրցակցության համար։

Հանձնաժողովի լրատվական ծառայության տրամադրած հաղորդագրության համաձայն, տուգանված ընկերություններն են` «Ֆեռո» (սուրճ «Ֆեռո»), «Վալետտա» («Պրեմիեր»), «Բյուրակն» («Պիրամիդ Էլիտ») «Վանս գրուպ» («Սթար»), «Ասկոլիո» («Մարսել»)։

«Նշված ընկերությունները խաբում եւ մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաեւ առողջության համար կասկածելի արտադրանք: Այս ընկերությունների համապատասխան անվանումներով արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են կողմնակի խառնուրդներ, որոնք, ըստ փորձագետների, կարող են լինել ցորեն, գարի եւ կաղին», - ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, բացահայտվել է նաեւ, որ մոտ երկու տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեեւ հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն էլ` պարզապես ոչ պիտանի օգտագործման համար:

«Որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն, սպառողին վաճառվում է կոֆեինազրկված եւ անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ», - ընդգծում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` տեղեկացնելով, որ բացահայտված չարաշահումների ողջ փաթեթը կուղարկվի նաեւ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն եւ իրավապահ մարմիններին, «քանի որ գործ ունենք տնտեսվարողների կողմից թույլ տրված ակնհայտ կեղծարարության փաստի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG