Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» երեկվա վեճի կապակցությամբ դատարան չի դիմի


Ընդդիմադիր կուսակցությունում վստահ են՝ Հանրապետական Առաքել Մովսիսյանը անպատիժ կմնա։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի պատրաստվում դատական հայց ներկայացրել Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ` երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած վեճի կապակցությամբ։

Հիշեցնենք, երեկ Ազգային ժողովում Արմեն Մարտիրոսյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում Մովսիսյանը վիրավորական արտահայտություն էր հնչեցրել Մարտիրոսյանի հասցեին։ Ընդդիմադիր պատգամավորը նրան հակադարձել էր։ Խնդիրը ծագել էր այն պահին, երբ խորհրդարանում տիրող աղմուկի պատճառով Արմեն Մարտիրոսյանը դադարեցրել էր իր ելույթը եւ պահանջել էր լռել։ Մյուս պատգամավորների հետ մի շարք օրինագծերի քվեարկությանը մասնակցելու համար դահլիճ եկած Առաքել Մովսիսյանը վրդովվել էր եւ տեղից գոռգոռալով ընդդիմադիր պատգամավորին մեղադրել ժամանակ ձգձգելու մեջ։

Խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ հաշվի առնելով Առաքել Մովսիսյանի հետ շփումների իրենց նախկին փորձը, համոզված են, որ այս միջադեպն էլ ընթացք չի ստանա եւ Հանրապետական պատգամավորը անպատիժ կմնա, ուստի չեն պատրաստվում նրան պատասխանատվության կանչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Սաֆարյանի խոսքով, Առաքել Մովսիսյանը մեկ անգամ էլ իրենց խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին է վիրավորել եւ մնացել անպատիժ՝ թեեւ Փոստանջյանն անգամ դիմել էր դատախազություն։

«Վերջին հաշվով, եթե ցանկանային որեւէ կերպ արձագանքել այս միջադեպին, դա կարող էին անել առանց մեր դիմումի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը՝ հավելելով, թե «Ժառանգությունը» կբավարարվի նաեւ հրապարակային ներողությամբ։ - «Ես շատ կցանկանայի, որպեսզի նրա փոխարեն առնվազն իր գործընկերները ներողություն խնդրեին, ներողություն խնդրեր Ազգային ժողովի նախագահը՝ իր կողմից թույլատրելիի բոլոր սահմանները գերազանցելու համար։ Հասկանայինք, որ քաղաքական դատապարտման եղանակով մեկընդմիշտ բացառվում է նման անհեթեթ վիճակների կրկնությունն Ազգային ժողովում»։

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս միջադեպը Հանրապետականում քննարկման առարկա չի դարձել, քննադատության կարիք էլ չունի՝ սովորական վեճ էր, «ուրիշ պառլամենտներում իրար ծեծում-ջարդում են»։

«Ընդդիմությունը երեք օրվա ընթացքում այնպես էր իրեն պահում, որ խանգարի, հարցերը ձգձգվեն։ Դրա համար վերջին օրը արդեն համբերությունը հատել էր երեւի․․․ այդ տղան դիտողություն արեց, նա էլ պատասխանեց», - Առաքել Մովսիսյանին փորձեց արդարացնել Ռաֆիկ Պետրոսյանը։

Իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է՝ երեկվա միջադեպը երկու կողմի մեղքով տեղի ունեցավ։

«Բոլոր պայմանները ստեղծված էին, որ ելույթ ունեցողը ելույթ ունենար, բայց ավելորդ ինտրիգներ ցուցաբերվեց՝ պահանջելով որ ողջ դահլիճում լռություն լինի։ Մյուս կողմից էլ, իհարկե, անընդունելի տարբերակով ձեզ հայտնի պատգամավորը սկսեց բարձր գոռգոռալ», - մեկնաբանեց Բիշարյանը։

please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG