Մատչելիության հղումներ

Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը անփոփոխ է


Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության հերթական զեկույցի համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ այն երկրների շարքում, որտեղ կոռուպցիան համակարգային բնույթ է կրում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունն այսօր հրապարակել է 2011 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը։

Զեկույցում ներառված 183 երկրների շարքում Հայաստանը 129-133 տեղերն է կիսում Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների եւ Սիրիայի հետ։

Համաթիվը կազմելիս օգտագործվել է 0-ից 10 միավորանոց գնահատման սանդղակ, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 10-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։

2011 թվականի զեկույցում Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 2.6։ Ըստ Transparency International-ի դասակարգման, մինչեւ 3 միավոր ցուցանիշով երկրներում կոռուպցիան համակարգային է՝ այն հանդիսանում է պետական համակարգի գործունեության նախապայման։

«Համակարգային կոռուպցիա»


Այսօր Հայաստանում ներկայացնելով զեկույցը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, թե հայաստանյան իրականության ամենացավոտ կողմը կոռուպցիան է ընտրական գործընթացներում։

«Մենք դժբախտաբար ականատես ենք լինում քաղաքական կոռուպցիայի շատ բարձր մակարդակների մեր բոլոր ընտրությունների ժամանակ։ Առաջին հերթին դա վարչական ռեսուրսի չարաշահումն է ընտրությունների ժամանակ, ֆինանսավորման հետ կապված ընտրակաշառքներ եւ այլն», - նշեց Հոկտանյանը՝ հավելելով, թե քանի դեռ «նորմալ ընտրություններ» չեն անցկացվել, Հայաստանում կունենանք համակարգային կոռուպցիա։

Հետխորհրդային երկրներից այս տարի առաջընթաց է արձանագրել միայն Վրաստանը, որը Հարավային Աֆրիկայի հետ 4.1 միավորով կիսում է 64-65-րդ տեղերը։

Ադրբեջանը, ունենալով Հայաստանից էլ ցածր ցուցանիշ՝ 2.4, կիսում է աղյուսակի 143-151-րդ տեղերը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Նիգերիան, Տոգոն եւ Ուգանդան։

«Հայաստանի համաթիվը չի բարելավվելու ո՛չ կառավարության որոշումներով, ոչ էլ օրենսդրական բարեփոխումներով», - այսօր կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը։ - «Դա բարելավում են, երբ որ կա քաղաքական կամք։ Եթե մարդիկ որոշում են, որ վերջ, պետք է այսպես չլինի (մենք տեսնում ենք Վրաստանում մեր հարեւան նույնպես այդպիսի փոփոխություններ), այդ դեպքում ընկալումը կլավանա»։

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքն առանձնացնելով` Վարուժան Հոկտանյանը ընդգծում է, որ դա աշխարհի ամենակոռումպացված հատվածն է` չհաշված Վրաստանը եւ Բալթյան երկրները:

Բացարձակ չկոռումպացված պետություն աղյուսակում չկա: Այս տարվա առաջատարը` 9.5 միավոր ցուցիչով, Նոր Զելանդիան է, որին հաջորդում են սկանդինավյան երկրները` Դանիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան:

Ամենակոռումպացված երկրները, Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալներով, Սոմալին եւ Հյուսիսային Կորեան են:

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG