Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը պնդում է, որ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշում չկա


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, թե ոստիկանությունը միտումնավոր ճնշում գործադրելու նպատակով է վերջին օրերին ձերբակալում եւ կալանավորում «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության համակիրներին:

«Ոստիկանությունը մահակ չէ, որ զբաղվի դրանով», - ասաց ոստիկանապետը:

Հիշեցնենք` երկու օր առաջ խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ձերբակալվեց ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարը: Ավելի վաղ կրկին թմրանյութերի գործերով կալանավորվել էին ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք: Անդրադառնալով այս դեպքերին` ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն իրեն ստիպում է խոսել ոչ թե պատահականությունների, այլ օրինաչափության մասին»:

Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե նման որեւէ միտում չկա: Նա նաեւ հերքեց, թե այս հարցով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իրենից բացատրություն է պահանջել:

«Գագիկ Ծառուկյանը ինձ չի զանգահարել, մենք Գագիկ Ծառուկյանի հետ չենք խոսել, կգա, ծնունդն էլ չեմ շնորհավորել, կգա կշնորհավորեմ», - ասաց ոստիկանապետը:

«Ես կարծում եմ, որ այստեղ անհանգստանալու խնդիր չկա, եւ միտում էլ չեմ տեսնում: Մենք օրական շատ նման դեպքեր ենք ունենում, եւ բացարձակապես կուսակցական հարցերը այդտեղ չեն քննարկվում: Թե ինչ վերլուծություններ են արել, ինչ են հաշվարկել, չգիտեմ: Մենք «Վահան» օպերացիայի պայմաններում արդեն մի ամիս է օրը 7-8, մինչեւ 10 նման դեպք ենք ֆիքսում», - շարունակեց Գասպարյանը:

ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալության մասին ոստիկանապետն ասաց. - «Ես գուշակ չեմ, ինձ համար նշանակություն չունի ով ով է: Ինձ համար նշանակություն ունի, թե նա ինչ է անում»:

Հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը Հանրապետական թմրամոլ չի հայտնաբերում. - «Ես չգիտեմ, երեւի կա, մենք չենք իմանում, մենք երեկ երեկոյան եւս մեկ կիլոգրամ թմրանյութ ենք հայտնաբերել, եւ հաստատ իմացեք, որ հաղորդագրությունում այս անգամ մենք կշեշտենք, որ կուսակցական չէ, անկուսակցական է»:

«Կարո՞ղ եք հստակ բացառել, որ որեւէ քաղաքական ճնշում ոստիկանության միջոցով չի իրականացվում ԲՀԿ-ի նկատմամբ» հարցին ոստիկանապետը պատասխանեց. - «Իհարկե, հստակ բացառում եմ, եւ ոստիկանությունը մահակ չէ, որ զբաղվի դրանով: Իսկ ինձ համար մեծ հաշվով բացարձակ նշանակություն չունի որ կուսակցության անդամ կլինի այս կամ այն [անձը]: Գագիկ Ծառուկյանը ինձանից բացատրություն չի պահանջել, իսկ ես հաշվետու չեմ ոչ մեկին, բացի հասարակությունից»:

ԲՀԿ-ի համակիրների ձերբակալություններից բացի, «Ազատություն» ռադիոկայանը Վլադիմիր Գասպարյանին խնդրեց մեկնաբանել նաեւ իր կադրային փոփոխությունները: Հիշեցնենք, ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, թե «եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը»: Այդ հայտարարությունից հետո նորանշանակ ոստիկանապետը անմիջապես լայնածավալ կադրային փոխատեղումներ սկսեց իրականացնել: Այսօր Գասպարյանն ասաց, թե իր կողմից իրականացվող կադրային փոփոխությունները պայմանավորված են «խոսքից գործի անցնելու» իր հայտարարությամբ:

Նշենք, որ մամուլի ուշադրությունը գրավեց հատկապես Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նշանակումը ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի պաշտոնում: Տեսակետներ հնչեցին, թե Վահագն Հարությունյանի պաշտոնի բարձրացումը կապված է հենց մարտի 1-ը չբացահայտելու հետ: Մինչդեռ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելիս հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը:

«Նա լավ քննիչ է, նա ինձ մոտ աշխատել է, երբ ես դեռ Ռազմական ոստիկանության պետն եմ եղել, լավ քննիչ է, լավ տվյալներով, լավ միտք ունի, երիտասարդ է, հրաշալի մասնագետ է», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե, այդուհանդերձ, Հարությունյանին չհաջողվեց բացահայտել մարտի 1-ի գործը, ոստիկանապետը պատասխանեց. - «Դե հիմա, գիտեք ինչ, ես կարծում եմ, որ դրա մեջ հասարակության մեղքն էլ կա, որ չի բացահայտվել, որովհետեւ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, քողարկել սիրում է: Շատ ժամանակ բողոքում են հենց նրանից, ինչին իրենք տեղիք են տալիս անելու: Մենք այդ հարցերը փորձում ենք չքաղաքականացնել եւ լինել բացառապես դիկտատոր` օրենքի առումով»:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի` հանրահավաքների օրերին մարզերից եկող ճանապարհների փակ լինելու մասին պնդումներին, ոստիկանապետն ասաց, թե ինքը ճանապարհ չի փակում, առավել եւս հանրահավաքի օրը Օպերայի շրջակայքի լույսերը չի անջատում:

Հիշեցնենք` ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակը հոսանքազրկվել էր, եւ ողջ հանրահավաքը անցել էր մթության մեջ: ՀԱԿ-ի ներկայացուցիչները տարածքի հոսանքազրկման համար մեղադրել էին Վլադիմիր Գասպարյանին:

«Ես հաստատ էլեկտրիկ չեմ, լույսեր չեմ անջատում, դա ինձ հարիր չէ, ես ինձ հարգում եմ նման բան անելու համար», - ասաց ոստիկանապետը:

please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG