Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայում ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել


Հարավային Օսիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւայի աջակիցները ազգային դրոշի ներքո հավաքվում են բողոքի ակցիայի
Ցխինվալիի կենտրոնական հրապարակում այսօր նախազգուշական կրակահերթեր են որոտացել՝ այդպիսով կառավարությունը փորձել է կասեցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրոհելու` ընդդիմության փորձերը:

Հարավային Օսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված սկանդալային պատմությունից վրդովված քաղաքացիները կրակոցներից քիչ անց շարունակական բողոքի ակցիա են սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւան Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտեին վերջնագիր է ներկայացրել:

Հարավային Օսիայում տիրող իրավիճակի թելադրանքով նախագահի պաշտոնը եւս մի քանի ամիս զբաղեցնելու հեռանկար ունեցող Էդուարդ Կոկոյտեին մեկ օր ժամանակ է հատկացրել ելքեր փնտրելու համար:

Հարավային Օսիայի նախագահի ընտրությունների` նոյեմբերի 27-ին անցկացված երկրորդ փուլում Ալլա Ջիոեւան ստացել է քվեների մոտ 60, իսկ Անատոլի Բիբիլովը` 40 տոկոսը։ Սակայն երեկ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը, Ռուսաստանի աջակցությունը վայելող Անատոլի Բիբիլովի պահանջով, չեղյալ է համարել նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, իսկ խորհրդարանը կրկնակի ընտրություններ է նշանակել հաջորդ տարվա մարտի 25-ին:

Ալլա Ջիոեւան հայտարարել է, որ ընդդիմության ձեւավորած Պետական խորհրդի ներկայացուցիչները շարունակում են բանակցել նախագահ Կոկոյտեի հետ: Իշխանությունը որոշում կայացնելու համար 2 օր է պահանջել, սակայն ընդդիմությունը պնդում է, որ մեկ օրն էլ բավական է:

«Գունավոր հեղափոխություն»

Հարավային Օսիա -- Ալլա Ջիոեւան դիմում է լրագրողներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ, Ցխինվալի, 30-ը նոյեմբերի, 2011թ.
Հարավային Օսիա -- Ալլա Ջիոեւան դիմում է լրագրողներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ, Ցխինվալի, 30-ը նոյեմբերի, 2011թ.
Հարավային Օսիայում իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները առավել սրվեցին Գլխավոր դատախազության նոյեմբերի 30-ի հայտարարությունից հետո:

Դատախազությունը ընտրական անցած փուլում առավել թվով ձայներ ստացած ընդդիմադիր գործչին այսօր մեղադրեց գունավոր հեղափոխություն կազմակերպելու մեջ եւ հայտարարեց, որ մտադիր է «համապատասխան քայլեր» ձեռնարկել:

«Ալլա Ջիոեւայի քայլերը հակասում են Գերագույն դատարանի եւ խորհրդարանի ընդունած որոշմանը: Իրեն նախագահ հռչակելն ու ինչ-որ պետական խորհուրդ ստեղծելն իրավական շրջանակների մեջ չի տեղավորվում: Դա ամեն դեպքում ապօրինություն է», - հայտարարել է Հարավային Օսիայի գլխավոր դատախազի տեղակալ Էլդար Կոկոեւը:

Իր հերթին, Ջիոեւան, անդրադառնալով գլխավոր դատախազության հայտարարությանը, հակադարձել է . - «Իսկ ուրիշ ի՞նչ ելք ունի, բացի գունավոր հեղափոխությունից խոսելը: Ես օրինական ընտրված նախագահ եմ»:

Այսօր Հարավային Օսիայում տիրող իրավիճակի մասին հայտարարությամբ հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, թե Մոսկվայում ուշադիր են հետեւում հարեւան երկրում տիրող իրավիճակին եւ հետաքրքրված են «այդ երիտասարդ երկրում հանգստության եւ կայունության ապահովմամբ»:

«Անհրաժեշտ է, որ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը հարգեն իշխանության բարձրագույն մարմինների՝ օրենքից բխող որոշումները», - նաեւ ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG