Մատչելիության հղումներ

Կարեն Անդրեասյանը հիասթափված է ՍԴ-ի որոշումից


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հիասթափություն է ապրել Սահմանադրական դատարանի հայտնի որոշման հետ կապված: Չորեքշաբթի կայացած ասուլիսում օմբուդսմենն ասաց, թե հոդվածը հակասահմանադրական ճանաչելով` դատարանը խիստ մարդկային վերաբերմունք կցուցաբերեր լրատվամիջոցների նկատմամբ:

«Ակնհայտ է, որ ինչքան ավելի հեշտ կլիներ եւ կարելի էր հերոսանալ, գոնե այսօր ժամանակավոր բոլոր լրագրողների հետ միասին ուրախանալ, որ մի քանի օրերի ընթացքում լուծվեց խնդիրը, եւ բոլոր դատական հայցերը մերժվեցին: Ես իսկապես կուզեի, որ Սահմանադրական դատարանը, հակասահմանադրական ճանաչելով [Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը] մի հարվածով լուծեր այսօր եղած գործերի խնդիրը», - ասաց Անդրեասյանը:

Հիշեցնենք` Սահմանադրական դատարանը նոյեմբերի 15-ին, քննելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով, որոշեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ-ն միեւնույն ժամանակ մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, մասնավորապես, որ լրատվամիջոցնի նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի գործերով փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը:

Այսօր օմբուդսմենը միեւնույն ժամանակ ասաց, որ, մանրամասն ծանոթանալով ՍԴ-ի որոշմանը, եկել է այն եզրակացությանը, որ դատարանը չի մերժել իր դիմումը, քանի որ մի շարք դրական իրավական գնահատականներ է տվել իրեն անհանգստացնող հարցերի շուրջ: Այդուհանդերձ Կարեն Անդրեասյանի խոսքով, որոշումն այս տեսքով չի կարող դրական ազդեցություն ունենալ այժմ դատարաններում քննվող գործերի վրա:

«Այս որոշման այսպիսի ձեւը դրական չի կարող լինել, որովհետեւ եթե ՍԴ-ն օրենքը ճանաչեր հակասահմանադրական, ապա դա անմիջական եւ ուղիղ հետեւանքներ կունենար բոլոր այն լրատվամիջոցների համար, որոնք հիմա դատարաններում են` անկախ նրանից այդ լրատվամիջոցները արդարացիորեն են ենթարկվել որոշակի տույժի, թե անարդարացիորեն», - ասաց Կարեն Անդրեասյանը:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանը պնդում է, որ իր ուղենիշները պարտադիր իրավական ուժ ունեն բոլոր պետական մարմինների համար, ավելին` դրանք օրենքից էլ բարձր են գնահատվում, Կարեն Անդրեասյանը արձագանքեց. - «Օրինապահ, արդար, միջին գրագիտության դատավորի դեպքում ՍԴ-ի որոշումը եւ այսօրվա օրենքը բավական են, որպեսզի որեւէ լրատվամիջոց չտուժի խոսքի ազատության սահմանափակումից: Հաշվի առնելով, որ Հայաստանում անօրեն դատարանի, դատավորի ֆենոմենը կա, որի մասին ես շատ եմ խոսել, ցավալիորեն ՍԴ-ի կայացրած որոշումը կարող է նույնիսկ բավարար չլինել»:

Օմբուդսմենի խոսքով` ՍԴ-ի որոշումը ուղեցույց պետք է լինի դատավորների սեղանին: Նրա համոզմամբ` օլիգարխները պետք է ամաչեն, որ իրենց պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու փոխարեն նպատակ են դնում սնանկացնել թերթերին:

Ասուլիսում Անդրեասյանն նաեւ այլ թեմաների անդրադարձավ: Նա հայտարարեց, որ ընդդիմության հանրահավաքներից առաջ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտման մասին մամուլի բարձրաձայնած դեպքերի հետքերով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի գնալու, քանի որ որեւէ դիմում կամ հեռախոսազանգ չեն ստացել, իսկ մամուլի հրապարակումը վարույթ հարուցելու հիմք չէ:

Օմբուդսմենը նաեւ վստահեցրեց, որ աջակցություն չի զգում ոչ իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից:

«Չունենք քաղաքական հենարան ոչ իշխանության, ոչ ընդդիմության մեջ: Ինձ համար երբեւէ այդքան էլ կարեւոր չի եղել իշխանության կամ ընդդիմության աջակցությունը, սերը, ոգեւորությունը, այլ ավելի շատ կարեւոր է եղել քաղաքացիական հասարակության որոշակի ինստիտուտների աջակցությունը», - ասաց նա:

Օմբուդսմենը այսօր կրկին դժգոհեց Արդարադատության խորհրդից` հիշեցրեց, որ իր որեւէ դիմումի հիման վրա խորհուրդը վարույթ չի սկսել, չի քննել դատարանի` օմբուդսմենին կարծիքով ապօրինի որոշումները:

«Այդ երանելի օրը, երբ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Արդարադատության խորհրդում կհասնի հաջողության, կլինի առաջին օրը, երբ ես կասեմ, որ գտա առաջին անօրեն դատավորին», - ասաց Անդրեասյանը:

Իր պաշտոնավարման ընթացքում` մարտից մինչ օրս, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուրջ 3000 գրավոր եւ բանավոր բողոքներ է ստացել: Առաջին տեղում դժգոհություններն են ոստիկանությունից, այնուհետեւ դատարանները, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Գրավոր բողոքների 10 տոկոսը դրական լուծում չի ստացել: Բանավորի դեպքում այլ է, ինչպես օմբուդսմենին ասաց, օրինակ, գոնե բացատրել են, որ այլ հասցեով է դիմել:

Մարտի 1-ի զոհերի հարազատներից պաշտպանի գրասենյակը դիմում չի ստացել, իսկ բանակում սպանված ութ զինվորների գործերով գրասենյակը պատասխանի է սպասում Զինդատախազությունից:

Ամփոփելով մարզեր կատարած այցերը` Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից կգործեն վեց մարզային գրասենյակներ: Նրա խոսքով` Երեւանից դուրս մարդիկ հաճախ չգիտեն էլ, թե ինչի համար է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, թեժ գծով նույնիսկ զանգ են ստացել կեսճանապարհին մնացած վարորդից, ով խնդրել է բենզին հասցնել:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG