Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն նախընտրական շտաբ է ձեւավորում


ՀՀԿ-ն ձեւավորում է նախընտրական շտաբ
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00
Հանրապետական կուսակցությունը ձեւավորում է նախընտրական շտաբը: Երկուշաբթի օրը կուսակցության կենտրոնական գրասենյակում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որը Ազգային ժողովի նախկին նախագահի բնորոշմամբ ոչ թե շտաբի նիստ էր, այլ աշխատանքային հանդիպում:

Ընտրական օրենսգրքով թեկնածուները, կուսակցությունները ընտրություն նշանակելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբեր: Մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել էր շրջանառվող լուրերը, թե Հանրապետականի շտաբը արդեն գործում է եւ տեղակայված է կուսակցության կենտրոնական գրասենյակի տարածքում` նշելով, որ նախընտրական քարոզարշավը դեռեւս չի սկսվել եւ շտաբերը դեռեւս օրենքով իրավունք չունեն գործելու:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը` եթե շտաբը չի ձեւավորվել, ապա ինչո՞ւ են այսպիսի հանդիպումներ անցկացնում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. - «Ձեւավորում ենք»: Հարցին էլ, թե արդյո՞ք փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նույնպես կլինի շտաբի կազմում, ԱԺ-ի նախկին նախագահը պատասխանեց. - «Դեռ չենք ճշտել կազմը, բայց կառավարությունից անպայման մի հոգի կլինի: Կարելի՞ է քննարկման արդյունքում ձեզ հայտնել, թե ովքեր կլինեն»:

Հովիկ Աբրահամյանը հերքեց այն լուրերը, թե իր հրաժարականը ճնշումների, մասնավորապես, Հայաստանի նախագահի ճնշմամբ է պարտադրվել իրեն, ասաց` իր եւ նախագահի հարաբերությունները «շատ լավ են»:

«Եթե ես Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը պիտի ղեկավարեմ, ուրեմն շատ լավ են մեր հարաբերությունները», - ասաց նա:

Այսօր Հանրապետական կուսակցության գրասենյակում էին նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանը, ով ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի փեսան է, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, նաեւ ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Արդեն հայտարարվել է, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը, նրան այդ գործում օգնելու է Սերժ Սարգսյանի փեսան, նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, հանդիպման ավարտից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց Հովիկ Աբրահամյանը: Նա փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մասով չհաստատեց, չնայած փոխվարչապետն այսօր մասնակցում էր շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հանդիպումը մոտ երկու ժամ տեւեց:

Հովիկ Աբրահամյանը հրաժարականը վերահաստատելուց հետո Հայաստանում չէր: Նա ասաց, թե Աբու Դաբիում էր, մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի ծննդյան արարողությանը:

Հարցազրույցից հետո Աբրահամյանը արագ հեռացավ ԱԺ-ի նախագահի ծառայողական BMW մակնիշի մեքենայով, նրան ուղեկցում էին նաեւ անվտանգության ծառայության աշխատակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG