Մատչելիության հղումներ

Իրանցիները ներխուժել են Բրիտանիայի դեսպանատուն


Իրան -- Ցուցարարները պոկում են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան զինանշանը, 29-ը նոյեմբերի, 2011թ.
Իրան -- Ցուցարարները պոկում են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան զինանշանը, 29-ը նոյեմբերի, 2011թ.

Այս իրադարձությունը վերլուծաբանները համեմատում են 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման հետ։

32 տարի առաջ մոլեռանդ իսլամիստների մի ստվար զանգված, որոնց թվում էր, ըստ որոշ տեղեկությունների, նաեւ այսօրվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` այն ժամանակ Թեհրանի ճարտարագիտական համալսարանի երիտասարդ ուսանող, գրավել է Իրանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

52 ամերիկացի դիվանագետ այն ժամանակ 444 օր պատանդի կարգավիճակում պահվել է դեսպանատան շենքում։ Իսկ այսօր նույնքան մոլեռանդ պատանիներ խուժել են Բրիտանիայի դեսպանատուն, ջարդուփշուր են արել դուռ, պատուհան, կահույք, հրկիզել են փաստաթղթերը, այրել եւ պղծել Բրիտանիայի պետական դրոշը եւ թագուհի Եղիսաբեթ երկրորդի նկարները։

Երիտասարդները դեսպանատան տարածքում բրիտանական դրոշի փոխարեն բարձրացրել են 7-րդ դարի շիա սրբերից մեկի` Իմամ Հուսեյնի մեծ նկարը։

Այս պահի դրությամբ տուժածների մասին տեղեկություններ չկան, իրանական աղբյուրների փոխանցմամբ, ամբոխը գրոհել է դեսպանատան վրա աշխատանքային ժամի ավարտից հետո, ուստի դիվանագետները պետք է որ չտուժեին։

Երկու օր առաջ Իրանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ` Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական կապերը սահմանափակելու մասին։ Այդ օրինագիծը ենթադրել է նաեւ երկու շաբաթվա ընթացքում Թեհրանից Բրիտանիայի դեսպանին արտաքսելու պահանջ։

Դա արվել է ի պատասխան Իրանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Կանադան հանդես են եկել Իրանի վրա գործադրվող ճնշումները սաստկացնելու նախաձեռնությամբ, քանի որ, ըստ այդ երեք երկրների ղեկավարների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցը հերթական անգամ ապացուցում է, որ Իրանը մտադիր է միջուկային ռումբ ստեղծել։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակ ունի։

Այսօրվա գրոհի համար պատասխանատվություն է ստանձնել «Գերագույն առաջնորդի հետեւորդ ուսանողների միություն» անվամբ մի խմբավորում: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, խմբավորման հայտարարությունն արյամբ է գրվել։

Դրանում ասվում է, որ «իրանցիները երբեւէ չեն համաձայնի ստորացվել եւ մարտում զոհվելու կամ նվաստացման պայմաններում ապրելու ընտրության դեպքում նախապատվությունը կտան առաջին հնարավորությանը»։

Այդ խմբավորումը կոչ է անում փակել նաեւ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատները, իսկ հայտարարության մեջ Բրիտանիայի դեսպանատունն անվանել է «լրտեսների որջ»։

Բրիտանիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է այսօրվա միջադեպը եւ իրանական կողմից պահանջել է անհապաղ վերականգնել շենքի անվտանգությունը` նշելով, որ միջազգային օրենքների համաձայն, Իրանի իշխանությունն է պատասխանատվություն կրում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգության համար։

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի ուսանողների կազմակերպած գրոհի հետ։ Ավելի ուշ իրանցի ոստիկանները ձեռնարկել են որոշակի գործողություններ` ցույց տալով, թե փորձում են շենքից դուրս հանել ուսանողներին։

Մեծ Բրիտանիան հայտնել է պատասխան քայլի դիմելու վճռականության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG