Մատչելիության հղումներ

Հաստատվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական B խմբի խաղացանկը


Սլովակիա - Հայաստանի հավաքականը տոնում է «Եվրո - 2012»-ի ընտրական փուլի արտագնա հանդիպման ժամանակ Սլովակիայի թիմին խփած հերթական գոլը, Ժիլինա, 6-ը սեպտեմբերի, 2011թ.
Սլովակիա - Հայաստանի հավաքականը տոնում է «Եվրո - 2012»-ի ընտրական փուլի արտագնա հանդիպման ժամանակ Սլովակիայի թիմին խփած հերթական գոլը, Ժիլինա, 6-ը սեպտեմբերի, 2011թ.
Երկուշաբթի օրը Պրահայում հաստատվել է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական B խմբի խաղացանկը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան։

Հիշեցնենք, այս խմբում Հայաստանի մրցակիցներն են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականները:

Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի 2012-ի սեպտեմբերի 7-ին Մալթայում, իսկ վերջին հանդիպումը կանցկացնի 2013 թվականի հոկտեմբերի 15-ին Իտալիայում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, օրերս ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի գնահատելով աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հնարավորությունները, ասել էր` ավելի ուժեղ խմբում ենք, քան Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

«Ես երեք թիմ եմ վերցնում` Իտալիա, Չեխիա, Դանիա: Երեքն էլ շատ երիտասարդ թիմեր են, ու մեծ փոփոխություններ են եղել իրենց կազմում: Եվրոպայի այս առաջնությանը երեքն էլ մասնակցելու են, ու իրենց մոտ հաստատ ահագին մեծ փորձի կուտակում է լինելու, ու աշխարհի առաջնության ընտրական փուլին ավելի փորձառու թիմեր են լինելու», - ընդգծել էր Հայաստանի հավաքականի մարզիչը` եզրակացնելով. - «Ավելի դժվար է լինելու այս խումբը` միանշանակ կարող եմ ասել»:

Իր նախապատվությունների մասին խոսելով` Մինասյանը ասել էր, թե չէր ցանկանա, որ չորս օրերի ընթացքում միմյանց հաջորդեին հանդիպումներ երկու ուժեղ թիմերի հետ, օրինակ` Իտալիայի եւ Դանիայի: Ըստ երկուշաբթի օրը որոշված հերթականության` նման իրավիճակում Հայաստանի հավաքականը կհայտնվի միայն մեկ փուլում, երբ երեք օրվա տարբերությամբ կխաղա Չեխիայի եւ Դանիայի հավաքականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG