Մատչելիության հղումներ

Կիրիլ պատրիարքը պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Միխայիլի Գունդյաեւ) պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պետական բարձր պարգեւը Կիրիլ առաջինին շնորհվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայ Առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ կապերի ամրապնդման, հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Երկուշաբթի օրը հյուրընկալելով Կիրիլ առաջինին եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին` նախագահը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին է հանձնել շքանշանը։

Նախագահը ողջունել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ այն կծառայի Հայ Առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Կիրիլ պատրիարքի ջանքերը` ուղղված հասարակության մեջ բարոյականության եւ հոգեւոր արժեքների ամրապնդմանը:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ իր համար մեծագույն հաճույք է այցելել քրիստոնեության հնագույն օրրան՝ Հայաստան, որտեղ առաջին անգամ չէ հյուրընկալվում:

Կիրիլ պատրիարքը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին` ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի անցկացմանը աջակցության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG