Մատչելիության հղումներ

«Յակուբյանի տունը» վեպի հեղինակը` «աշխարհի մտածող»


Եգիպտացի գրող Ալաա ալ-Ասվանին, արխիվային լուսանկար
Եգիպտացի գրող Ալաա ալ-Ասվանին, արխիվային լուսանկար

Foreign Policy ամերիկյան հանդեսը հրապարակել է «աշխարհի 100 մտածողների» անունները։ Ցանկը գլխավորում է եգիպտացի գրող Ալաա ալ-Ասվանին` «Յակուբյանի տունը» վեպի հեղինակը։

1970 թվականից հրատարակվող պարբերականը վերլուծում է քաղաքական եւ տնտեսական հարցեր, հրապարակում է «գլոբալացման ցուցիչը», «ձախողված երկրների» ցուցակը։

Հանդեսին թղթակցում են միջազգային քաղաքականության ասպարեզում մեծ հեղինակություն վայելող վերլուծաբաններ եւ մեկնաբաններ։

«Աշխարհի հարյուր մտածողների» շարքն են դասվում քաղաքական, հասարակական եւ տնտեսական բնագավառներում մեծ ազդեցություն գործող մարդիկ։

Այս տարի առաջին տեղը շնորհվել է «արաբական գարնան» անվանի դերակատարներին` նրանց, ովքեր նպաստել են արաբական երկրներում դեմոկրատական շարժումների հաջողությանը։ Ամենաառաջինն էլ Foreign Policy-ի կազմած ցանկում Ալաա ալ-Ասվանին է։

Հայ վաճառական, եգիպտահայերի համայնքի ղեկավար Հակոբ Յակուբյանի կառուցած այդ տունը ներկայիս Եգիպտոսի պատմության ականատեսն է ու ժամանակագիրը։

Սուլեյման Փաշայի փողոցում 1934 թվականին այդ շենքը կառուցել է մի հայտնի իտալացի ճարտարապետ, եւ այն դարձել է հաջողության, շքեղության, հարստության խորհրդանիշ։

Այստեղ ապրել են մեծահարուստներ, ազնվականներ, սակայն 1952 թվականի հեղափոխությունից հետո նրանց մեծ մասը արտագաղթել է։

Բնակարանները նվաճել են երկրի նոր տերերը` զինվորականությունը։ Ապա տուն են լցվել Կահիրեում աշխատանք որոնող գյուղացիները, ովքեր բնակարանների են վերածել խորդանոցները, պահեստասենյակները, նկուղները եւ նույնիսկ տանիքի հատվածները։

Երբեմնի շքեղ կառույցում սերունդներ են ապրում` ազնիվ հավատացյալ, թե սրիկա, ընտանիքին նվիրված պարկեշտ ծառայող կամ դռնապան, նրանք այդ Յակուբյանի շենքում սիրահարվում են, դավաճանում, աշխատում կամ պարապուրդի մատնվում, ոմանք երազում են պատգամավոր ընտրվել, ոմանք` դառնալ ոստիկան։

Նրանց մասին է Foreign Policy հանդեսում աշխարհի 100 մտածողների շարքում առաջին համարի տակ տեղ գտած Ալաա ալ-Ասվանիի գիրքը, նրանք են այսօրվա Եգիպտոսը, նրանք են օրեր շարունակ պայքարել Թահրիր հրապարակում, ծեծվել, սպանվել եւ, ի վերջո, դիկտատորին պաշտոնանկ արել։

Եվ այսօր էլ նրանք` Յակուբյանի շենքի բնակիչները շարունակում են բողոքել, երկրի ռազմական ղեկավարներից դեմոկրատական բարեփոխումներ են պահանջում։

Foreign Policy հանդեսը «աշխարհի 100 մտածողներից» յուրաքանչյուրին նույն հարցերն է ուղղել, առանձնացնենք երկուսը` «Ո՞վ է Ձեր մուսան»։ - «Փետրվարի 11-ին Մուբարաքին հրաժարական պարտադրած միլիոնավոր մարդիկ»։ - «Որո՞նք են սիրված գրքերը»։ - «Չեխովի «Վանկան», Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները», Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը»։

Ընդհուպ մինչեւ Մուբարաքի վարչակազմի տապալումը իշխանությունները հալածել են գրողին, նույնիսկ ահաբեկել են մի սրճարանատիրոջ, ով համարձակվել է կազմակերպել Ալաա ալ-Ասվանիի հանդիպումը երիտասարդ գրողների հետ։

Ասվանին ստեղծել է «Քեֆայա» քաղաքական շարժումը։ Թահրիր հրապարակում հավաքված ջահելներին ոգեշնչել են շարժման գաղափարները` վերջ տալ կոռուպցիային, մերժել ժառանգական եղանակով իշխանափոխությունը եւ կայացնել իսկական դեմոկրատիայի մշակույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG