Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ. «Անցած շաբաթ Ադրբեջանը տվել է 7 զոհ եւ վիրավոր»


Հայկական ուժերի զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվային լուսանկար
Հայկական ուժերի զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվային լուսանկար
Ղարաբաղի ռազմական գերատեսչության հավաստմամբ` հայկական կողմի պատժիչ գործողությունների հետեւանքով անցած շաբաթ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տվել են «մինչեւ 7 զոհ եւ վիրավոր»։

«Միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես եւ նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ Պաշտպանության բանակի հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչեւ 7 զոհ եւ վիրավոր», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։

«Ակնհայտ է, որ ներքաղաքական եւ ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը զերծ պահելու համար, պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց: Սակայն ըստ հավաստի աղբյուրների, տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ եւ բացատրություններ», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ. - «Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին եւ 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից, հակառակորդը բավականին մեծ հաճախականությամբ կիրառել է նաեւ հեռահար դիպուկահարային հրացաններ: Անցած 7 օրերի ընթացքում, միայն СВД, «Սեւ նետ» եւ «Իստիգլալ» դիպուկահար հրացաններից ադրբեջանական կողմն արձակել է մոտ 250 թիրախային կրակոց»։

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ եւս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլեւ նպատակային քայլեր է ձեռնարկում շփման գծում լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր ընթացիկ եւ հետագա գործողություններում լինել ավելի կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք», - ընդգծում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը «ապատեղեկատվություն» է որակել «ադրբեջանական բանակի 7 զինվորների զոհվելու մասին» հայկական կողմի հաղորդագրությունը։ Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախարարության մամուլի քարտուղարի տեղակալը հաստատել է միայն նոյեմբերի 26-ին ադրբեջանցի մեկ զինծառայողի զոհվելու փաստը, հավելելով, որ այդ մասին մամուլը անմիջապես տեղեկացվել է։

Շաբաթ օրը ադրբեջանական կողմը հաղորդել էր շփման գծի Թերթերի ուղղությունում 19-ամյա զինվոր Էլմար Հաբիբզադեի զոհվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG