Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ. «Նոյեմբերի 20-25-ը Ադրբեջանը տվել է 7 զոհ եւ վիրավոր»


«Միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես եւ նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ Պաշտպանության բանակի հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչեւ 7 զոհ եւ վիրավոր», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։

«Ակնհայտ է, որ ներքաղաքական եւ ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը զերծ պահելու համար, պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց: Սակայն ըստ հավաստի աղբյուրների, տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ եւ բացատրություններ», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր «ապատեղեկատվություն» է որակել «ադրբեջանական բանակի 7 զինվորների զոհվելու մասին» հայկական կողմի հաղորդագրությունը։ Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախարարության մամուլի քարտուղարի տեղակալը հաստատել է միայն նոյեմբերի 26-ին ադրբեջանցի մեկ զինծառայողի զոհվելու փաստը, հավելելով, որ այդ մասին մամուլը անմիջապես տեղեկացվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG