Հայկական երաժշտությունն ավելի շատ բելգիացիներն են լսում

«Հայերը մաքուր հայկական երաժշտություն չեն սիրում»

No media source currently available

Խաչատուր Ավետիսյանի «Բալենի» եւ Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործություններով 2004 թվականին Բելգիայում սկիզբ առավ «Արաքս» խումբը:

Խմբի հիմնադիրները երկուսն էին՝ դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը եւ կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը:

«Մեր նվագի մեջ արտահայտվում էր մեր կարոտը: Երկու-երեք գործ միանգամից նվագեցինք` կիթառով եւ դուդուկով, որ մեզ էլ հաճույք պատճառեց, մենք էլ հաճույքով կլսեինք դրանք», - պատմեց խմբի հիմնադիր Տիգրան Տեր-Ստեփանյանը:

Դրանց հաջորդեցին մյուս ստեղծագործությունները եւ խմբի մյուս անդամները՝ հրեա ֆլեյտահարը, ֆլամանդուհի թավջութակահարը եւ հարվածային գործիքների վրա նվագող բրազիլացին:

Հարցին, թե կարողանում են արդյոք նրանք հայկական ստեղծագործությունները «հայերեն» հնչեցնել, Տիգրանը պատասխանեց. - «Պատկերացրեք, որ կարողանում են ու բավականին լավ: Երբեք ոչ մի խոսակցություն չի եղել, որ լավ չեն նվագում: Մի բելգիացի երգչուհի ունենք, որ բավականին լավ հայերեն երգեց «Ծիծեռնակը»: Դե իհարկե, մի քիչ բացատրում ենք վիճակը, տեքստը թարգմանում ենք, բայց ընդհանուր առմամբ լավ են կատարում այդ ստեղծագործությունները»:

Համադրում են հայկական ժողովրդական դուդուկը դասական թավջութակի, ֆլեյտայի ու կիթառի հետ` ստանալով «Ծիծեռնակ»-ի, «Գարուն ա»-ի, «Կռունկներ»-ի ժամանակակից եւ հետաքրքիր հնչողություն:

Ենթադրում էի, որ արտասահմանում գործող հայկական երաժշտություն կատարող խմբի ունկնդիրների մեծամասնությունը հայեր պիտի լինեին, բայց Տիգրանը հակառակը փաստեց. - «Չգիտեմ ցավոք, թե բարեբախտաբար, բայց մեր ունկնդիրները բելգիացիներ են: Հայեր կան, բայց շատ քիչ, մեր համերգներին հայերը երեւի 3-5 տոկոս են կազմում: Ես հասկացել եմ, որ հայերը մաքուր հայկական երաժշտություն չեն սիրում: Կոմիտաս լսելու հավես չունեն»:

Նա նաեւ հավելեց, որ հայ էստրադային երգիչների համերգներին բավականին շատ եւ մեծ քանակությամբ են հաճախում:

«Մեր երաժշտությունը քեֆի երաժշտություն չէ: Երբ հայերը հավաքվում են միասին, պետք է քեֆ անեն, պարեն, մենք նման երաժշտություն չենք նվագում: Մերը ավելի շատ տրամադրության երաժշտություն է», -ասաց Տիգրանը:

Տիգրանը Բելգիայում է ապրում 1989 թվականից: Պատմեց, որ խումբը ստեղծեցին հայկականի նկատմամբ կարոտից: Սկզբում չորսով էին, հիմա հինգով են: Տեսահոլովակներ չունեն, խմբի միակ PR-ը իրենց համերգներն են:

«Մեր միակ տեսահոլովակը մեր ընկերներն են հավաքել: Երբ մեզնից լուսանկար կամ տեսահոլովակ են ուզում, մեր մղձավանջը սկսվում է: Պատճառն այն է, որ խմբի հետ կապված ամեն ինչով միայն ես եմ զբաղվում: Իմ ժամանակն ու ուժերն էլ սահմանափակ են», - պատմեց Տիգրանը:

2005 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցող Armenian music awards-ին La Bris («Քամի») ալբոմն արժանացել է տարվա լավագույն fusion ալբոմ մրցանակին: «Արաքսի» ստեղծագործություններն օգտագործվում են տարբեր ֆիլմերում, հնչում են ռադիոկայանների եթերում, իսկ Երեւանում առաջին անգամ հանդես եկան:

No media source currently available

Ուղիղ հղում
​
XS
SM
MD
LG