Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցով բանակցությունները` «շուտով»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել եւ իր հարցերն է ուղղել Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հարցում կա կարեւոր առաջընթաց: Նախարարը խոսել է նաեւ Եվրամիության հետ համագործակցության ամրապնդման եւ բարեփոխումների ծրագրերի մասին:

«Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն արձանագրում են դրական առաջընթաց` կառուցողական մթնոլորտում, եւ մենք վճռական ենք վերջնական համաձայնության հարցում», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նաեւ անդրադարձել է ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար «որքան հնարավոր է՝ շուտ» խորքային բանակցություների հարցին:

«Ուրախ եմ նշել, որ Հայաստանը կատարել է անհրաժեշտ քայլեր՝ Եվրամիության հետ վիզաների հեշտացման հարցով բանակցություններ սկսելու համար» , - հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը եւ ավելացրել. - «Մենք ակնկալում ենք Եվրամիության գործնական քայլերը»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաեւ անդրադարձել է Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը, որը վերահաստատեց Եվրամիության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն՝ իր վերջին այցելության ընթացքում», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Հայաստանում էր ութ օր առաջ:

Վիզայի հարցով բանակցությունները` «շուտով»

ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ կա առաջընթաց Ասոցացման համաձայնագրի կնքման հարցում:
Շտեֆան Ֆյուլեն ասել է, թե «վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները կմեկնարկեն շուտով, հենց որ Եվրամիության քաղաքական ղեկավարությունը հանձնարարի»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ե՞րբ կսկսվեն բանակցությունները, Շտեֆան Ֆյուլեն պատասխանել է.- «Դեռ կոնկրետ օր չկա»:

Ֆյուլեն հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի նպատակով բանակցությունների մանդատը Հայաստանը կստանա գալիք տարվա սկզբին:

«Ուշի ուշով կհետեւենք ընտրություներին»

Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեւիչն արձագանքել է Հայաստանում խորհրդարանական ամենաազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների խոստմանը:

«Մենք հաճույքով ենք լսում, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում անցկացնել ամենաազատ եւ ամենաարդար ընտրությունները, եւ ողջունում ենք այս պատրաստակամությունը: Եվ մենք ուշի ուշով կհետեւենք ընտրություններին, քանի որ ժողովրդավար ընտրությունների անցկացումը Արեւելյան գործընկերության հիմնական արժեքներից մեկն է», - ասել է եվրաինտեգրման հարցերով պետքարտուղարը:

Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 8-ին Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը նպատակ ունի անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG