Մատչելիության հղումներ

Պիկետ` Բելառուսի դեսպանատան դիմաց


Պիկետ` Բելառուսի դեսպանատան դիմաց
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Հայ իրավապաշտպանները այսօր պիկետ անցկացրեցին Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջեւ` իրենց բողոքն արտահայտելով իրավապաշտպան Ալես Բելյացկու դատապարտման դեմ:

Այն բանից հետո, երբ երեկ Բելառուսի «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկին դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման, տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ պիկետներ ու ցույցեր են անցկացնում իրենց երկրներում Բելառուսի դեսպանատների դիմաց:

Միջազգային իրավապաշտպանների կարծիքով` Բելառուսի իշխանությունները Բելյացկուն ձերբակալել են ակնհայտ քաղաքական շարժառիթներով` թեեւ առաջադրել են հարկերից խուսափելու մեղադրանք:

Երեւանյան պիկետին մասնակցող Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանն ու Բելառուսը նույն բռնապետական ռեժիմով ապրող երկրներ են, պարզապես, նրա խոսքով, Բելառուսի իշխանությունները չեն թաքցնում իրենց բռնապետական բնույթը: Ըստ Հելսինկյան ասոցիացիայի նախագահի` մեր երկրում իրավիճակը եթե ոչ ավելի վատ, ապա հաստատ ավելի լավ չէ:

«Բելառուսում 42 հոգի է նստած [2010-ի] դեկտեմբերի 19-ից հետո, Հայաստանում` 100 հոգի էր նստած [2008-ի մարտի 1-ից հետո], եւ ձերբակալվել էր 700 հոգի Հայաստանում: Այնպես որ դեռ հարց է` ո՞ւմ մոտ է ավելի դիկտատորական ռեժիմ: Եվ իրենց մոտ 10 հոգի չեն սպանել, իսկ իսկ մեր մոտ սպանել են», - նշեց Միքայել Դանիելյանը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բելառուսը դիտարկեց որպես վատագույն օրինակ այն բանի, թե ինչպիսին կարող է դառնալ հետսովետական երկիրը 20 տարի անց:

«Մեր պայքարն է, որպեսզի այդ տարբերությունը մեծանա Բելառուսիայից եւ նմանատիպ այլ երկրներից», - ամփոփեց Զեյնալյանը:

Բելյացկու չվճարած հարկերը, ըստ Բելառուսի իրավապահ մարմինների, կազմում են 567 հազար եվրո: Օրենքի համաձայն, ֆիզիկական անձինք 12 տոկոս եկամտահարկ պետք է վճարեն պետությանը: Բելյացկին, բացի 4.5 տարի անազատության մեջ անցկացնելուց, պետությանը պետք է վճարի 83 հազար դոլար, թեեւ նա պնդում է, որ գումարները տրամադրվել են արեւմտյան իրավապաշտպան ֆոնդերի կողմից բելառուսական ռեժիմից տուժած ընդդիմադիրների ընտանիքներին օգնելու համար, եւ ինքը անձնական կարիքների համար ոչ մի կոպեկ չի ծախսել:

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները Բելառուսի նախագահին, դատախազին դեսպանատան միջոցով նամակ փոխանցեցին:

Նույնպիսի պահանջներով պիկետներ Բելառուսի դեսպանատան դիմաց այսօր անցկացվել են Փարիզում, Բրյուսելում, Թբիլիսիում:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ են արել Բելառուսի իշխանություններին անմիջապես հանել մեղադրանքն ու ազատ արձակել Բելյացկուն:

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG