Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կներկայացնի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ հռչակագիր


Հայ ազգային կոնգրեսի հոկտեմբերի 28-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
Հայ ազգային կոնգրեսի հոկտեմբերի 28-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
Ուրբաթ երեկոյան նախատեսված հանրահավաքին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կներկայացնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ հռչակագիր։ Այդ մասին հայտնեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացնելով հարցերը, որոնց անդրադարձ է կատարվելու հանրահավաքի ժամանակ։

«Նախ, դուք գիտեք, որ Կոնգրեսն այլեւս անիմաստ համարեց Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ որեւէ բանակցությունը երկրում դեմոկրատական փոփոխություններ անցկացնելու ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով, այսօրվա հանրահավաքում Կոնգրեսը կներկայացնի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավա-քաղաքական հիմքերի վերաբերյալ հռչակագիր, որը բավականին հետաքրքիր փաստաթուղթ է», - ասաց Մուսինյանը։

«Դրան զուգահեռ, իհարկե, կլինի անդրադարձ, վերլուծություն վարչախմբի ներսում տեղի ունեցող հակամարտության, խմորումների եւ խորացող հակասությունների մասին։ Կլինի նաեւ վերլուծություն` կապված սոցիալ-տնտեսական այս աղետալի իրավիճակի հետ։ Եվ, բնականաբար, կներկայացվեն Հայ ազգային կոնգրեսի հետագա անելիքները», - նշեց խոսնակը։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցերի` Մուսինյանը հրաժարվեց հրապարակվելիք հռչակագրի, ինչպես նաեւ Կոնգրեսի առաջիկա ծրագրերի մանրամասներ ներկայացնել` ասելով, որ «հանրահավաքին բոլոր մանրամասները կհայտնվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG