Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն - 2011»-ի արդյունքում` ավելի քան 12 միլիոն դոլար


Հինգշաբթի օրը Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին մեկնարկած եւ ուրբաթ օրը ժամը 8։00-ին ավարտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2011»-ի արդյունքում ստացվել է 12 միլիոն 286 հազար 478 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։ Այդ մասին հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջը։

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թեեւ հեռուստամարաթոնն առավոտյան ավարտվեց, սակայն հետմարաթոնյան աշխատանքները կշարունակվեն մինչեւ դեկտեմբեր:

«Այս պահին մենք ամփոփում ենք ե՛ւ SMS հաղորդագրություններով ստացված նվիրատվությունների արդյունքը, ե՛ւ «Հայփոստի» միջոցով ստացված ընդհանուր արդյունքը: Այս պահին մշակվում եւ հստակեցվում է ընդհանուր նվիրատուների ցանկը եւ այս աշխատանքները կշարունակվեն մինչեւ դեկտեմբեր, երբ, որպես կանոն, մենք որեւէ թերթում հրապարակում ենք հաշվետու տարվա հեռուստամարաթոնի ընդհանուր ցանկը», - ասաց հիմնադրամի ներկայացուցիչը:

Հեռուստամարաթոնի, ինչպես նաեւ տարվա ընթացքում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հանգանակված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, այս տարի եւս ուղղվելու են Հայաստանում եւ Ղարաբաղում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հասմիկ Գրիգորյանը մանրամասնեց. - «Անցյալ տարի հեռուստամարաթոն անցկացրեցինք «ջուրը» խորագրով եւ արդյունքում մեկ տասնյակից ավել գյուղական եւ քաղաքային համայնքներ Արցախում եւ նաեւ Հայաստանում այսօր ունեն ջուր եւ կանոնավոր ջրամատակարարում: Մեր նախնական հաշվարկներով շուրջ 27 հազար մարդ ունի խմելու ջուր, բայց քանի որ դեռ կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ունեն խմելու ջրի խնդիր, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ խմելու ջրի խնդրին ուղղված ծրագրերը այս տարի եւս կշարունակվեն»:

Այս տարի գումարները հիմնականում կուղղվեն Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման ոլորտի ենթակառուցվածքների բարեկարգմանը եւ Հայաստանում ընդհանուր գյուղական համայնքների զարգացմանն ու ենթակառուցվածքների բարեկարգմանը:

«Հեռուստամարաթոն - 2010»-ի ընթացքում հանգանակվել էր մոտ 21 միլիոն դոլար։ Ըստ Հասմիկ Գրիգորյանի, այս տարվա արդյունքն իր մեջ դեռեւս չի ներառում մոսկովյան ավանդական ճաշկերույթի ընթացքում հավաքվող գումարը:

«Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդհանուր արդյունքում ներառված չէ ճաշկերույթի արդյունքը, ապա կարող ենք արձանագրել, որ այս նախնական արդյունքը 2 միլիոնով գերազանցում է նախորդ հեռուստամարաթոնի արդյունքը», - այս առնչությամբ պարզաբանեց Հասմիկ Գրիգորյանը:

«Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարների մեծության առումով առայժմ ռեկորդային է մնում «Հեռուստամարաթոն - 2008»-ը` ավելի քան 35 միլիոն դոլար։ Այդ տարի մոսկովյան ճաշկերույթի ժամանակ միայն ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը հիմնադրամին նվիրաբերել էր 15 միլիոն դոլար:

please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG