Մատչելիության հղումներ

Լեռնաձորում կրկին ուրանի որոնողական աշխատանքներ են սկսվել


Անցած տարի Կապանում անցկացված բողոքի ակցիան ուրանի շահագործման դեմ, արխիվ, 11-ը նոյեմբերի, 2010թ.
Անցած տարի Կապանում անցկացված բողոքի ակցիան ուրանի շահագործման դեմ, արխիվ, 11-ը նոյեմբերի, 2010թ.
Անցած տարի լեռնաձորցիների բողոքի արդյունքում դադարեցված աշխատանքները վերսկսվել են:

Սյունեցիները անցած տարի Քաջարանի մոտ գտնվող Լեռնաձոր գյուղի տարածքում ուրանի հանքավայրի ուսումնասիրման եւ հնարավոր շահագործման դեմ ստորագրահավաք էին անցկացրել ու ավելի քան 13 հազար ստորագրությամբ բողոքը հանձնել էին Հայաստանի կառավարությանը, ինչից հետո գյուղի տարածքում ուրանի որոնողական աշխատանքները դադարեցվել էին:

«Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի անցած տարվա պնդումը, թե Լեռնաձորում ուրան չկա, փաստորեն, մեզ լռեցնելու համար էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը` տեղեկացնելով, որ մեկ շաբաթ առաջ վերսկսվել են ուրանի հանքաքարի որոնողական աշխատանքները:

Երկրաբանահետախուզական եւ որոնողական աշխատանքներն իրականացնող «ԱԲՎԱՆ» ընկերության տնօրեն Յուրիկ Գեւորգյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Լեռնաձորի հատվածում անցած տարի կատարված հետախուզական աշխատանքները ուրանի պաշարներ չեն հայտնաբերել: Այժմ հետախուզական աշխատանքներ են կատարվում Լեռնաձորի մեկ այլ հատվածում` գյուղի դիմացի լանջին: Ուրանի հանքաքարի հետախուզական աշխատանքները սկսվել են երկու ամիս առաջ` «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ընկերության պատվերով: «ԱԲՎԱՆ» ընկերությունը ստուգում է դեռեւս 50 տարի առաջ` Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Եթե հանքավայր դառնա, մի 10-15 տարի պիտի շատ ինտենսիվ աշխատանք տարվի, որից հետո միայն այդ խնդիրն առաջանա` շահագործեն, չշահագործեն», - պարզաբանեց Յուրիկ Գեւորգյանը` պնդելով, որ լեռնաձորցիներին հետախուզական աշխատանքների հետեւանքով որեւէ վտանգ չի սպառնում:

«Կանաչների միության» նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանը մինչդեռ, ասում է, որ հանքավայրի շահագործման պարագայում բնակչությունը ստիպված կլինի հեռանալ այդ տարածքից, կամ ապրել էկոլոգիապես կեղտոտ միջավայրում: Նա հավելեց, որ Խորհրդային Հայաստանի իշխանությունները այս տարածքում ուրանի պաշարներն ուսումնասիրելուց հետո որոշել էին չշահագործել այն` համարելով տնտեսապես ոչ ձեռնտու, քանի որ այստեղ հայտնաբերված 100 կիլոգրամ հանքաքարում կա ընդամենը 0.1-0.001 տոկոս ուրան:

Սյունիքի մարզում` Քաջարան քաղաքի մոտ գտնվող Լեռնաձոր համայնքում, ուրանի հանքավայրի հետ կապված աշխատանքները կազմակերպելու համար 2008 թվականին Հայաստանի Հանրապետությունը` հանձինս Բնապահպանության նախարարության, որի իրավասության ներքո այն ժամանակ գտնվում էր նաեւ երկրի բնական պաշարների կառավարումը, եւ ռուսաստանյան «Ատոմռեդմեդզոլոտո» ընկերությունը 50/50 փայաբաժնով ստեղծել են «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն: Կառավարությունը ընկերությանը թույլատրել է մինչեւ 2012 թվականը Հայաստանի տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում իրականացնել, որից հետո միայն կորոշվի ընկերությանը ընդերքի օգտագործման թույլտվություն տալու հարցը:

please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG