Մատչելիության հղումներ

Նազարյանի հարազատները պնդում են` «նրան սպանողները դատարանում չեն»


Արտակ Նազարյան
Արտակ Նազարյան
Մեկուկես տարի առաջ բանակում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով չորեքշաբթի օրը կայացած դատական նիստում առաջինը ցուցմունք տվեց նրա մայրը:

Հասմիկ Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ քրիստոնեական արժեքներ ունեցող իր որդին չէր կարող ինքնասպան լինել: Մայրը պնդեց, որ որդուն սպանել են, բայց սպանողները դատարանի դահլիճում չեն: Նրա այս հայտարարությանը հաջորդեց դատարանի դահլիճում գտնվող մեղադրվող զինվորների հարազատների ծափահարությունները:

Իր ցուցմունքում 30-ամյա Նազարյանի մայրն կասկածանք հայտնեց նախաքննության օբյեկտիվության վերաբերյալ` հայտարարելով, որ որդու բազմաթիվ վնասվածքների մասին քրեական գործում ոչինչ նշված չէ: Մայրը կասկածանք հայտնեց նաեւ որդու մահվան օրվա ու ժամի վերաբերյալ: Նա նշեց, որ որդին հուլիսի 27-ից ավելի վաղ է մահացել:

«Ես համոզված եմ, որ Արտակը ավելի վաղ է սպանված եղել, քան 27-ի առավոտյան 8-ից 10 պակաս: Ահավոր վիճակում էր, մարմինը ուզում էին փակ դագաղով բերեին: Մարմինը դեռ նոր էին տուն բերել, երբ մեծ աղջիկս քթի մեջ որդ էր նկատել, դա ահավոր բան է», - ասաց նա:

Հասմիկ Հովհաննիսյանը դատարանին հատկացրեց մի լուսանկար, որտեղ պատկերված է որդու դին ժայռաբեկորի վրա: Լուսանկարը Նազարյանի հարազատներին էր տվել զինվորական մասից մեկը, ով իր հեռախոսով լուսանկարել էր դին: Լեյտենանտի մոր փաստաբանն ու ներկայացուցիչը, դատարանում հայտարարելով նախաքննության խախտումների մասին, միջնորդեցին հարցաքննել գործը քննող քննիչներին: Այս առիթով արված միջնորդության վերաբերյալ դատավոր Սամվել Մարդանյանն նշեց, թե այն կլսի դատաքննության մեկ այլ փուլում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ եթե քննիչները գործը օբյեկտիվորեն քննեին, ապա մեղադրանքը ինքնասպանության դրդելու փոխարեն կլիներ սպանությունը: Մարտիրոսյանը նշեց, որ դիակի դատաբժշկական հետազոտությամբ հաստատված ավելի քան 50 վնասվածքների մասին նախաքննությունը լռել է: Նախաքննությամբ միայն հաստատվել են քերծվածքները, որոնք նա ստացել է մահվանից ավելի քան 5 օր առաջ: Իսկ արյունազեղումների ու սալջարդերի մասին քրեական գործում ոչինչ գրված չէ: Մյուս խախտումը Նազարյանի զենքին է առնչվում: Նրան հատկացված 120 փամփուշտներից որեւէ մեկը չի պակասել այն դեպքում, երբ ըստ քրեական գործի, լեյտենանտը իր իսկ զենքից է կրակել իր վրա:

«Ւնչո՞վ է ինքնասպան եղել Նազարյանը, եթե նրա ստացած բոլոր փամփուշտները` թվով 120, տեղում են: Ինչքան ուզում է գլուխ կոտրենք, մենք չենք կարողանում հասկանալ` զենքը ինչպե՞ս է կրակել, եթե փամփուշտները տեղում են: Դա մեզ ոչ թե հուշում է, այլ համոզում է, որ սպանության զենքը այլ զենք էր, իսկ Արտակ Նազարյանի զենքը կեղծ իրեղեն ապացույց է հենց նախաքննական մարմնի կողմից գցված», - հայտարարեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ Արտակի դիակի գտնվելու վայրի մասին հակասական տեղեկություններ են հաղորդվել: Սկզբում քննիչներն ասում են, թե այն գտնվել է խրամատում, հետո էլ հայտարարել են, թե դիակը հայտնաբերվել է խրամատից 300 մետր հեռու մի վայրում, որտեղ քննիչ Լեւոն Պետրոսյանն արձանագրել էր արնանման հետքեր: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն ասում են, թե քննիչն այդպես էլ չէր ստուգել, թե դրանք ինչ հետքեր են ու ում են պատկանում: Այս խախտումների մասին նրանք դեռեւս մեկ ամիս առաջ հաղորդել են Հայաստանի գլխավոր դատախազին: Դատախազն էլ պատասխանել էր, թե հաղորդումն ուղարկել է գործը քննող դատավորին: Դատավորը այսօր ասաց, թե դատաքննության ընթացքում այս հարցին եւս կանդրադառնա:

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս պնդեց, որ կալանավորված 5 զինվորներից ոմանք հնարավոր է առնչություն ունենան Նազարյանի մահվան հանգամանքերին, բայց սպանություն կատարողները գտնվում են ազատության մեջ:

«Մենք համոզված ենք, որ կան անձինք, որ քննությանը չեն ներգրավվել, եւ որոնք սպանության հիմնական դերակատարներն են», - ասաց Շուշանյանը:

Դատական նիստը հետաձգվեց Արտակ Նազարյանի մոր ինքնազգացողության վատացման պատճառով:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG