Մատչելիության հղումներ

Սելեկտիվ աբորտների աճը մտահոգում է փորձագետներին


Փորձագետների կարծիքով` Հայաստանում հաճախակիացել են այն դեպքերը, երբ ծնողները դիմում են հղիության արհեստական ընդհատման միայն այն պատճառով, որ երեխան իգական սեռի է:

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը նշում է, որ նման սելեկտիվ աբորտների պրակտիկան ընդունված է, կա, թեեւ, ըստ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի, հղիության արհեստական ընդհատումը 12 շաբաթական հղիության ժամկետում կատարվում է կնոջ դիմումի համաձայն, իսկ հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 22 շաբաթական ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

«Բժիշկը պարտավոր է չկատարել նման միջամտություն` զուտ կնոջ ցանկության հիման վրա, այսինքն եթե չկան բժշկական ցուցումներ, եթե հղիությունը կնոջ կյանքին չի սպառնում, որովհետեւ այդ կետը ասում է` սոցիալ-տնտեսական եւ բժշկական ցուցումներից ելնելով մինչեւ 22 շաբաթականը թույլ է տրվում: Այստեղ տեղ են թողել, որպեսզի ասեն, ինչ-ինչ, օրինակ, բռնաբարության կամ այլ անցանկալի հետեւանքով [աբորտները թույլատրվեն]: Այս պարագայում ասե՞նք աբորտ մի արեք», - հարցնում է բժիշկը:

Խնդրին անդրադարձել են նաեւ միջազգային կառույցները: Օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ալբանիային, Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ուսումնասիրել այս երկրներում առկա սեռերի անհավասարաչափ համամասնության պատճառները, ինչպես նաեւ օրենք ընդունել, որը կկանխի սեռի պատճառով արհեստական վիժեցումները:

Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե այս երեւույթը համատարած բնույթ է կրում:

«Ես 40-ից ավելի տարիներ եմ աշխատում, այս պրակտիկան շատ քիչ նշանակություն ունի: Այն կիրառվում է այն դեպքում, երբ ծնողները ունեն 2, 3 եւ ավելի միասեռ երեխաներ: Բայց որ համատարած ձեւով տարածված լինի մեր հանրապետությունում, այդպես չէ», - ասաց Աբրահամյանը:

ԵԽԽՎ-ի այս մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ երկրներում սեռերի համամասնությունը խախտված է: Հայաստանում, Ալբանիայում եւ Ադրբեջանում նորածին արական եւ իգական սեռերի թվի հարաբերակցությունը համապատասխանաբար 112/100-ի, իսկ Վրաստանում` 111/100-ի, մինչդեռ սեռերի բնական համամասնությունը միջինը պետք է լինի 105 տղայի դիմաց 100 աղջիկ:

Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձանց կողմից ապօրինի աբորտ կատարելը, ըստ Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի, քրեորեն պատժելի արարքն է եւ պատժվում է ընդհուպ մինչեւ ազատազրկում մեկ տարի ժամկետով:
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG