Մատչելիության հղումներ

Գյուլը չի կարծում, թե ներխուժումը Սիրիա ճիշտ քայլ կլինի


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ
Արաբական պետությունների լիգան չորեքշաբթի օրը կրկին քննության կառնի Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Կարգավորման հերթական պլանի ձախողումից հետո սիրիական ընդդիմության առաջնորդների մի մասը կոչ է անում արեւմտյան պետություններին լիբիական օրինակով Սիրիայում եւս ռազմական գործողություն նախաձեռնել` տապալելով Բաշար Ասադի վարչակազմը:

Որպես հնարավոր գործողությունների գլխավոր պլացդարմ սիրիացի ընդդիմադիրները դիտարկում են Թուրքիայի տարածքը:

Շաբաթասկզբին Լոնդոն ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, սակայն, առայժմ չի շտապում ընդառաջել սիրիացի ընդդիմադիրների պահանջին:

BBC-ի առաջատար լրագրողներից մեկին` Բրիջիթ Քենդալին տված հարցազրույցում Գյուլը նշել է. - «Չեմ կարծում, թե ներխուժումը Սիրիա ճիշտ քայլ կլինի»:

«Անգամ եթե դա արժանանա Եվրամիության եւ Արաբական պետությունների լիգայի աջակցությա՞նը», - հակադարձել է լրագրողը:

«Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները հանդիպելու են չորեքշաբթի օրը։ Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ որոշման են նրանք ի վերջո հանգելու», - խորհուրդ է տվել Գյուլը` հատուկ ընդգծելով, սակայն, որ պաշտոնական Անկարան Սիրիայի խնդրում ձեռքերը ծալած նստած չէ:

«Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է վատթարագույն սցենարի համար: Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ իրադարձություններն այդ վատթարագույն սցենարով չեն զարգանա», - նշել է Գյուլը` հրաժարվելով, սակայն, հստակեցնել, թե հատկապես ինչ պատրաստություններ է տեսել թուրքական կողմը:

BBC-ին տված հարցազրույցում Գյուլը նաեւ հերքել է պարբերաբար հնչող մեղադրանքները, թե Թուրքիան տարածաշրջանային ճգնաժամերն օգտագործում է Մերձավոր Արեւելքում իր երբեմնի ազդեցությունը վերականգնելու նպատակով:

«Կան մարդիկ, որ պնդում են, թե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանի կենտրոնը դառնալ, անգամ մի նոր Օսմանյան կայսրություն», - BBC-ի թղթակցի այս հարցադրմանը Գյուլը արձագանքել է. - «Մեր պատմությունը, իհարկե, հպարտություն է պարգեւում մեզ, բայցեւայնպես` մենք իրատես ենք ու գերադասում ենք ռացիոնալ մոտեցումներ որդեգրել: Թուրքիան տարածաշրջանում որեւէ թաքնված, ծպտյալ օրակարգ չունի»։

Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող կացությանը, ապա այստեղ, ըստ Գյուլի, իրավիճակը շատ բարդ է:

«Սա մեկ մարդու խնդիր չէ, Սիրիայի նախագահը չէ, որ խնդիրներ է առաջացնում: Խնդիրը վարչակազմի փոփոխությունն է` պետք է փոփոխության ենթարկվի իշխանության ողջ կառուցվածքը։ Իսկ դա շատ խնդրահարույց ու բարդ հարց է», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG