Մատչելիության հղումներ

Փոփոխությունները պայմանավորված չեն «անձնական մտերմության սկզբունքով»


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի կադրային փոփոխությունները պայմանավորված չեն անձնական մտերմության սկզբունքով:

Ինչպես հայտնի է, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը հրաժարական է տվել, եւ Արաբկիրի թաղապետի պաշտոնում նշանակվել է Մուշեղյանի տեղակալը` Հրայր Անտոնյանը: Անտոնյանը եւս իշխող Հանրապետական կուսակցության անդամ է եւ, ըստ շրջանառվող լուրերի, Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծելով, որ Էդուարդ Մուշեղյանը ոչ թե պաշտոնանկ է արվել, այլ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` հավելեց, որ ե'ւ Մուշեղյանը, ե'ւ նոր նշանակվող Հրայր Անտոնյանը նույն թիմի անդամներ են. - «Իրենք երկար տարիներ աշխատել են, նույն թիմի անդամներ են, եւ որեւէ տարբերություն չկա: Որեւէ կադրային նշանակում պայմանավորված չէ անձնական մտերմության սկզբունքով»:

Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ քաղաքապետն իրեն նշանակել է` հաշվի առնելով Արաբկիրում 1997 թվականից ի վեր իր գործունեությունը:

Տարոն Մարգարյանի հետ մտերմության կապակցությամբ Անտոնյանը ասաց. - «Աշխատանքային մտերմություն է իմ եւ Երեւանի քաղաքապետի հարաբերությունները»:

Նախկին թաղաապետ Էդուարդ Մուշեղյանի հրաժարականի պատճառների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Առայժմ նա այլ պաշտոնում չի նշանակվել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե Մուշեղյանը նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մտերիմն է եւ դա է նրա հրաժարականի պատճառը, Շուշան Սարդարյանը պատասխանեց, որ այդ մտերմության մասին տեղեկություն չունի:

Անտոնյանը նույն հարցին արձագանքեց. - «Եթե այդպես լինի, ապա կան էլի որոշակի աշխատակիցներ, որոնք նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատել են… Նշանակում է, բոլորը պիտի դիմում գրեն, դո՞ւրս գան… Ուղղակի խնդիրները անձնական են եղել, դրա համար պարոն Մուշեղյանը դիմում է գրել եւ ազատվել է աշխատանքից:»

Հարցին, թե առաջիկա ընտրություններին քվեներ բերելու է ՀՀԿ-ի օգտին, Անտոնյանը պատասխանեց. - «Ինքնըստինքյան: Ես քանի որ հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ, ես պետք է իմ աշխատանքով ապացուցեմ, որ մարդիկ վստահեն մեզ»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը Տարոն Մարգարյանի կադրային փոփոխություններին չի միջամտում, քանի որ խնդիրներ է դրել հենց իր` Մարգարյանի առաջ, եւ վերջինս պետք է որոշի, թե ինչ թիմով այդ խնդիրները լուծի:

«Միշտ մեզ մոտ այսպես է, չէ՞, երբ կուսակիցդ առաջ է գնում, կուսակցությունը սկսում է թեւերին կախվել` սրան տեղավորի, նրան տեղավորի: Այդ խնդիրը մենք չունենք, որովհետեւ խնդիրը դրել ենք հենց իր առջեւ: Տարոն Մարգարյանը խնդիրներ պիտի լուծի: Այդ ճանապարհին ինքը լրիվ ազատ է իր թիմը հավաքելու»:

Հարցին, թե արդյոք Մարգարյանի առջեւ խնդիր է դրվել կուսակցությանը ձայներ բերել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Սահակյանը արձագանքեց. - «Ես չեմ կարծում, որ առաջիկա ընտրություններին Տարոն Մարգարյանը պասսիվ պիտի լինի: Բնականաբար, իր կուսակցությունն է, պիտի շահագրգիռ լինի քաղաքապետարանը այնպես ներկայացնել հասարակությանը իր աշխատանքները… հենց դա էլ արգումենտ կհանդիսանա, որպեսզի ավելի շատ ձայներ ստանա»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնելով, որ իշխող կուսակցության համար վերջին ամիսներին գերխնդիր է շտաբի ձեւավորումն ու ընտրություններում առավելագույն ձայներ ապահովելը, բոլոր պաշտոնանկություններն ու նշանակումները դիտարկեց այդ տեսանկյունից. - «Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի` պաշտոնից հեռանալու հետ կապված ամենատարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Ես չափազանց արժանահավատ եմ համարում այն փաստարկը, որ նրան առաջարկվել է կոորդինացնել Երեւան քաղաքի Հանրապետականի շտաբը` ապահովելով անհրաժեշտ հաղթանակ Հանրապետական կուսակցության համար, եւ նա մերժել է այդ առաջարկը… Կարծում եմ, Տարոն Մարգարյանը ընդունել է այդ առաջարկը»:

Իսկ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի կարծիքով, իշխանական ճամբարում վերջին կադրային փոփոխությունները վկայում են իշխանության ներսում առկա ճգնաժամի մասին.- «Սերժ Սարգսյանը վստահ չէ, որ նույն իր օլիգարխիկ թիմում ունի անհրաժեշտ աջակցությունը: Ավելին` հստակ ինֆորմացիա ունի, որ իր հենց աջակից հենարանը կամ նրա որոշ մասը փորձել է այլընտրանք փնտրել, եւ Սերժ Սարգսյանը իր առաջ խնդիր է դրել` վերականգնել թիմի միասնականությունը: Այնպես` որ ռեժիմի կողմից նա լինի միակ թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում»:
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG