Մատչելիության հղումներ

Բերլուսկոնին տրվել է երաժշտությանը


Իտալիա - Վարչապետի պաշտոնից հեռացող Սիլվիո Բերլուսկոնին հրաժեշտի ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, 13-ը նոյեմբերի, 2011թ.
Իտալիա - Վարչապետի պաշտոնից հեռացող Սիլվիո Բերլուսկոնին հրաժեշտի ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, 13-ը նոյեմբերի, 2011թ.
Մինչ Իտալիան իր նոր վարչապետ Մարիո Մոնտիի ղեկավարությամբ փորձում է հաղթահարել ամենախիստ ֆինանսական ճգնաժամերից մեկը, երկրի արդեն նախկին վարչապետ միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնին տրվել է երաժշտությանը:

Այսօր վաճառքի է հանվելու նրա երգերով ձայնասկավառակը, որ կոչվում է «Իրական սեր»:

Ալբոմի 11 երգերը գրելու վրա Բերլուսկոնին ծախսել է երկու տարի։ Նա գրել է երգի բառերը, իսկ երաժշտության հեղինակն է Բերլուսկոնիի հին ընկեր եւ պրոֆեսիոնալ երգիչ Մարիանո Ապիչելան, որն էլ հենց կատարում է երգերը:

Youtube-ում տեղադրված 2003 թվականի իտալական հեռուստատեսային հաղորդման հատվածներից մեկում կարելի է լսել, թե ինչպես են երգում Սիլվիո Բերլուսկոնին եւ Մարիանո Ապիչելան։

Ինչպես իտալական պարբերականներին տված հարցազրույցում ասել է Ապիչելան, երգերը քաղաքականության նշույլ անգամ չեն պարունակում, չնայած դրանք Իտալիայի արդեն նախկին վարչապետն է գրել, բոլորը սիրո մասին են։ Երաժիշտը պատմել է, որ երգերը գրվել են Սարդինիայում Բերլուսկոնիի առանձնատանը, եւ դրանք ստեղծելու վրա ծախսվել է երեք րոպեից մինչեւ երեք ամիս ժամանակ:

Երգերը, որոնք ոգեշնչված են ավանդական նեապոլյան երաժշտությամբ, ինչպես նաեւ սամբայի հնչյուներով, պատմում են անպատասխան սիրո եւ սիրեցյալի հանդեպ կարոտի մասին: Չափազանց զգացմունքային բովանդակությամբ երգերը դժվար են համադրվում Բերլուսկոնիի վարած կյանքի հետ. մեդիամագնատը մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում է եւ դատական քաշքշուկների մեջ` բազմաթիվ սեքսուալ սկանդալների պատճառով։ Վերջին սկանդալներից է անչափահաս մարոկացի Ռուբիի հետ սեքսուալ կապի մեջ մեղադրանքը, որով դատական նիստերը, ի դեպ, վերսկսվելու են մյուս շաբաթ:

Բերլուսկոնիի երաժշտական հակումները գալիս են դեռ պատանեկությունից. հայտնի է, որ նա ուսանողական տարիներին բաս կիթառ է նվագել սիրողական մի խմբում, եւ այդ ժամանակ նաեւ գումար է վաստակել Միջերկրական ծովի նավերի վրա հանգստացող զբոսաշրջիկների համար երգելով:

Կարծես թե երգը Բերլուսկոնիի կյանքից անպակաս է եւ հետեւում է նրան ամենուրեք։ Անգամ նրա հրաժարականը ուղեկցվեց երգերով. այս անգամ, սակայն, երգում էր ոչ թե ինքը վարչապետը, այլ նախագահական նստավայրի դիմաց հավաքված ժողովուրդը , որը տեղեկացել էր նրա հրաժարականի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG