Մատչելիության հղումներ

ՍԴ-ի ներկայացուցիչը արձագանքում է խմբագիրների մտահոգություններին


Ի պատասխան հայաստանյան թերթերի խմբագիրների եւ մամուլի փորձագետների մտահոգություններին, թե Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները ընդամենը խորհրդատվական բնույթի են եւ կրկին դատավորներին թողնված է կամայական վճիռներ կայացնելու հնարավորությունը Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը այսօր հայտարարեց, որ ՍԴ-ի ուղենիշները «պարտադիր իրավական ուժ ունեն» բոլոր պետական մարմինների համար:

«Ես կասեմ` օրենքից բարձր է», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հակոբյանը: - «Իրավական ակտերի մասին օրենքի 9-րդ հոդվածը ամրագրում է Սահմանադրական դատարանի որոշումների ավելի բարձր իրավաբանական ուժը օրենքների նկատմամբ»:

Անցած շաբաթ, հիշեցնենք, քննելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները») սահմանադրականության հարցով` Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

Միեւնույն ժամանակ դատարանը, մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, որոնք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, երաշխավորելու են հոդվածը կիրառել բովանդակությանը համապատասխան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է իրատեսական, որ ՍԴ-ի ուղենիշները կյանքի կկոչվեն, Լիանա Հակոբյանը արձագանքեց. - «Եկեք կանխատեսումներով չզբաղվենք: Իմ կարծիքով, ցանկացած իրավական պետությունում դատարանները միանշանակ պետք է առաջնորդվեն Սահմանադրական դատարանի որոշմամբ, եւ ինձ թվում է որեւէ մտավախություն չպետք է լինի, որ դատարանները չեն կատարի այդ որոշումը»:

Հիշեցենք,Սահմանադրական դատարանը թեեւ որոշեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, միեւնույն ժամանակ մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, օրինակ, այն, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը կամ որ միայն գնահատողական դատողությունների հիման վրա չի կարող հայց հարուցվել թերթի դեմ:

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով «Հրապարակ»-ի փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` լավատես է, որ ՍԴ-ի այս եզրակացությունները կզսպեն դատավորներին:

Այն, որ դատարանը հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, ՍԴ-ի ներկայացուցչի խոսքով, որեւէ կերպ չի կաշկանդում Ազգային ժողովին փոփոխությունների նպատակով կրկին անդրադառնալ օրենքին:

Իսկ ՍԴ-ն օրենքը հետ չուղարկեց խորհրդարան, որովհետեւ քննում էր միայն սահմանադրականության հարցը: Լիանա Հակոբյանը հիշեցնում է` դատարան դիմած օմբուդսմենը նիստի ժամանակ ինքը խոստովանեց, որ օրենքը շատ լավն է. - «Այդ նույն մտավախությունը, որ ասում եք` բա որ չկատարի, բա որ մնա թղթի վրա, կարող է նույն հաջողությամբ ծագել նաեւ այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա օրենսդիրը կատարեր համապատասպան փոփոխություններ եւ դրանք չկատարվեին»:

ՍԴ-ի որոշումը հետադարձ ուժ չի ունենա արդեն ավարտված գործերի մասով, բայց ինչպես Լիանա Հակոբյանը վստահեցրեց` կարող է ազդեցություն ունենալ քննվող հայցերի վրա:

Հարցին` իսկ եթե այդ դեպքում էլ չունենա, ինչպե՞ս է ՍԴ-ն արձագանքելու, Հակոբյանը պատասպանեց, թե ընդամենը իր տարեկան զեկույցում կնշի, որ որոշումը չի կատարվել. - «Չի բացառվում, որ եթե չհետեւեն, դա կարող է լինել նաեւ կարգապահական պատասխանատվության հիմք: Սահմանադրական դատարանը գտնում է օրենքի սահմանադրականության վեճ, այդ վեճը բարձրացվել է, վեճին տրվել է լուծում: Հետագայում` եթե չկատարվի, դա արդեն Սահմանադրական դատարանի խնդիրը չէ»:

«Դատավորին պատժելու խնդիր չի բարձրացվում, այլ քաղաքացուն է տրվել դատարանի որոշումը բողոքարկելու հերթական հիմքը», - շարունակում է ՍԴ-ի ներկայացուցիչը` համոզմունք հայտնելով, որ այս որոշումը խոսքի ազատության ոլորտում քայլ առաջ էր:

Մինչդեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նույնիսկ հարկ չի համարել ծանոթանալ որոշմանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՍԴ-ի կայացրած նախկին որոշումները, երբ նախագահի թեկնածուները դիմել են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

«Ոչ մի տարբերություն չկա ինձ համար Սահմանադրական դատարանի եւ, ասենք, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի միջեւ: Երկու դատարաններն էլ անկախ չեն եւ ավազակապետության բաղկացուցիչ մասն են», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, անցած ամիս «Հայկական ժամանակ»-ը զրպարտության եւ վիրավորանքի համար ստիպված եղավ 6 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցել երեք գործարար պատգամավորների:
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG