Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Թահրիր հրապարակում


Եգիպտոս - Ուժայինների եւ ցուցարարների միջեւ բախումը Կահիրեի Թահրիր հրապարակում, 21-ը նոյեմբերի, 2011թ.
Եգիպտոս - Ուժայինների եւ ցուցարարների միջեւ բախումը Կահիրեի Թահրիր հրապարակում, 21-ը նոյեմբերի, 2011թ.
Երկրորդ եգիպտական հեղափոխություն` այսպես են արաբական եւ արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ անվանում այն ամենը, ինչ կատարվում է Կահիրեի կենտրոնում վերջին երեք օրերին:

Ուրբաթ օրվանից հազարավոր ցուցարարներ փորձում են վրանային ավան ստեղծել Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում` պահանջելով երկիրը կառավարող Զինված ուժերի Գերագույն խորհրդից իշխանությունը հանձնել քաղաքացիական մարմիններին:

Ռազմական ոստիկանության եւ բանակային ստորաբաժանումները պարբերաբար փորձում են ցրել Թահրիր հրապարակում հավաքվածներին, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները կրկին ճեղքում են ոստիկանական պատնեշն ու վերադառնում հրապարակ:

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով` այս բախումների արդյունքում 22 մարդ զոհվել է, մոտ հազար վիրավոր կա:

Պաշտոնական աղբյուրները պնդում են, որ զոհվածների եւ վիրավորների մոտ բժիշկները հրազենային վնասվածքներ են հայտնաբերել։ Սրան հակառակ` Զինված ուժերի Գերագույն խորհուրդը պնդում է, թե իրավապահներն ու բանակը միայն ռետինե գնդակներ ու արցունքաբեր գազ են կիրառում:

Բախումները տեղի են ունենում երկար սպասված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ։

Եգիպտոսի քաղաքական ուժերի զգալի մասը` իսլամիստական «Մահմեդական եղբայրություն» կուսակցության անդամներից մինչեւ արեւմտամետ ուժերի կողմնակիցները, լուրջ մտավախություն ունեն, որ ընտրություններից հետո եւս Եգիպտոսի բանակը որոշիչ դեր է խաղալու երկրի քաղաքական կյանքում:

Այս մտավախություններն ավելի առարկայական են դառնում Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալիս, որի համաձայն` երկրի Զինված ուժերը ամբողջությամբ դուրս են դրվում քաղաքացիական իշխանության վերահսկողությունից:

Մի քանի շաբաթ առաջ էլ բանակային գեներալները դիմեցին առաջատար կուսակցությունների ղեկավարներն` կոչ անելով նրանց հատուկ հռչակագիր ստորագրել, որով բանակը մի քանի հավելյալ իրավասություն եւս ստանում էր: Մասնավորաբար, Զինված ուժերին առաջարկում էին Սահմանադրության առանձին դրույթները վետոյի ենթարկելու, ինչպես նաեւ օրենսդիր մարմինները լուծարել իրավունք շնորհել:

Արեւմտյան փորձագետներից ոմանք նկատում են, որ Եգիպտոսի բանակը փորձում է երկրում ստանձնել այն դերը, որ տասնամյակներ շարունակ բանակին էր վերապահված Թուրքիայում:

«Եգիպտոսի Զինված ուժերի հրամանատարության ուշադրությունից, սակայն, վրիպում է մեկ շատ կարեւոր հանգամանք` թուրքական մոդելը առնվազն տասը տարով հնացել է», - նշում է ամերիկացի փորձագետ Ջեյմս Դորսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG