Մատչելիության հղումներ

Կարագի փոխարեն սփրեդ վաճառող ընկերությունները տուգանվեցին


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարագի փոխարեն սփրեդ վաճառած ընկերություններին այսօր տուգանել է ընդհանուր առմամբ 30 միլիոն դրամով (մոտ 80 հազար դոլար)։

Հանձնաժողովի ուսումնասիրություններով հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ մոլորեցնում են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով գնային եւ որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից, սակայն շատ ավելի էժան է:

Հանձնաժողովի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության համաձայն` իրավախտումները կատարվել են երկու ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առեւտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» եւ «Արդիս» ընկերությունները: Հանձնաժողովը բացահայտել է նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն են «Ալեքս Գրիգ»-ը, «ՍԱՍ Գրուպ»-ը, «Սթար Դիվայդ»-ը, «Ֆրեշ»-ը, «Նոր Զովք»-ը:

Անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է 3 միլիոն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ:

Հաղորդագրության համաձայն, չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունել են իրենց խախտումը` խոստանալով հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը: Հանձնաժողովը մոնիտորինգի միջոցով արդեն պարզել է, որ խախտումներն այս ընկերություններում վերացված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG