Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ի նախագահը «իդեալականին մոտ» է որակում ընտրացուցակները


Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, 13-ը նոյեմբերի, 2011թ.
Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, 13-ը նոյեմբերի, 2011թ.
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այն պնդումները, թե ընտրողների ցուցակը առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ կարող է կեղծիքների պարարտ հող առաջացնել:

«Այսօր կարծում ենք, որ մենք ունենք իրականում իդեալականին մոտ ընտրողների ցուցակ, եւ դրա փայլուն ապացույցը հենց եղավ վերջին Իջեւանի ընտրությունները», - ասաց Մուկուչյանը` նշելով, որ շուրջ մեկ շաբաթ առաջ անցկացված Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրացուցակների հետ կապված խնդիրներ չառաջացան:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ Իջեւանի ընտրությունների ժամանակ 78-ամյա մի ծերունու ծննդյան օրվա ու ամսաթվի սյունակում նշված էր 0 թիվը, Մուկուչյանը դա համարեց ծրագրային սխալ:

«Գիտեք, այդ 0-0-0-0 որոշակի թվի հետ կապված` դա, ըստ էության, ավելի շատ, ասենք, որոշակի ծրագրային խնդիր է, որովհետեւ այդ ցուցակները համակարգչային ծրագրով են ձեւավորվում։ Բայց պետք է նկատի ունենալ մի բան` որ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, որտեղ բավականին մեծ թվով ընտրողներ մասնակցեցին, պետք է նկատել միանշանակ, որ չի եղել գեթ մեկ դեպք, որպեսզի որեւէ քաղաքացի ներկայանա տեղամասային կենտրոն, եւ պարզվի, որ վերջինիս ազգանունը ցուցակում չկա, ու դրանով պայմանավորված` առաջանան պրոբլեմներ», - ասաց ԿԸՀ-ի նախագահը։

Մինչդեռ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ընտրացուցակները իշխանություններին կրկին հնարավորություն կտան կեղծիքների դիմել։

«Ընդհանուր առմամբ, տարիներ շարունակ, ընտրացուցակները որքան էլ որ փորձ է արվում մաքրել գոյություն չունեցող կեղծ կամ մահացած ընտրողներից, ցավոք սրտի, ես կարող եմ որպես նախկին ընտրություններին հետեւած անձ հաստատել, որ, այնուամենայնիվ, միտումնավոր, դեռեւս այդ ցուցակները գտնվում են շատ մտահոգիչ վիճակում, եւ, այո, կարող են ցուցակներում լինել այդպիսի դեպքեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաֆարյանը` հավելելով. - «Մասնավորապես, ծննդյան տարեթվերի, ամիսների հետ... ճշտման ոչ ենթակա տվյալներ են, որտեղ հանձնաժողովի անդամները արդեն իսկ բարդության առաջ են կանգնում, երբ տվյալ անձը գալիս է քվեարկության, եւ անհնար է պարզել` արդյոք իսկապես նա պետք է քվեարկի՞, թե՞` ոչ»։

«Այսինքն, այսպիսի խնդիր եղել է բոլոր ընտրությունների ժամանակ, եւ տեսեք` որերորդ ընտրությունն է` այդ խնդիրը չի լուծվում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Սաֆարյանը ընտրացուցակների թերությունները պատահական չի համարում. - «Ցուցակները կազմում է ոստիկանությունը, եւ նրանք, ես կարծում եմ, որ ոչ պատահականորեն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, առաջին հերթին` այդ ընտրությունների նկատառումներով, շարունակում են ցուցակում պահպանել այդ անձանց»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն, համոզված է, որ ընտրացուցակներն ու նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտան կազմակերպել ընտրական գործընթացներն այնպես, որ որեւէ քաղաքացի կամ քաղաքական ուժ անհավասար պայմաններում չհայտնվի:

Տիգրան Մուկուչյանը օրինակ բերեց օրենսգրքում քարոզարշավի շրջանում բարեգործությունների արգելման դրույթը, որը, ըստ նրա, առաջիկա ընտրություններին թույլ կտա զերծ մնալ բարեգործության անվան տակ կատարվող այսպես կոչված թաքնված քարոզարշավի հնարքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG