Մատչելիության հղումներ

«2012-ը բերքառատ տարի է լինելու հարուստների համար»


Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում: 17-ը նոյեմբերի, 2011թ.
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում: 17-ը նոյեմբերի, 2011թ.
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ, գալիք տարի Հայաստանում մարդիկ ավելի վատ են ապրելու, քան այս տարի, որովհետեւ սննդամթերքի գներն ավելի շատ են աճելու, քան կենսաթոշակները:

Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի` այս երեքշաբթի Ազգային ժողովում ունեցած ելույթին, Բագրատյանը ասաց. - «Վարչապետի ելույթում այսպիսի մի նախադասություն կա, որ` թոշակները կբարձրանան 10 տոկոսով: Բայց չէ՞ որ գները կբարձրանան ըստ նախատեսվածի 15 տոկոսով: Թոշակառուների համար գնաճը պարենի գնաճն է… Տասներորդ տարի է ասում եմ` գնաճի 3 ցուցանիշ սարքեք: Գնաճի ընդհանուր ցուցանիշը կամ ինտերնետի էժանացումը թոշակառուին չի վերաբերում, նրան վերաբերում են պարենն ու կոմունալ ծախսերը: Ինչպես ձեզ հայտնի է, այս տարվա առաջին 10 ամսում եղել է 14.5 տոկոս աճ, ոչ թե 4 տոկոս: Մյուս տարի, ես հաստատապես գիտեմ, որ ծրագրված է պարենի առնվազն 11 տոկոս աճ… Այսինքն` Հանրապետական կուսակցությունը գալիս է եւ ասում է թոշակառուներին` 5 տոկոս վատ կապրեք»:

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայություն` այս տարվա առաջին տաս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի գները Հայաստանում աճել են 13.5 տոկսոսով: Մինչդեռ, օրինակ, միջին ամսական աշխատավարձը այս սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 7.1 տոկոսով, այսինքն` գրեթե երկու անգամ քիչ:

«Արդյո՞ք տեղի է ունենում նախընտրական տարում եկամուտների վերաբաշխում հօգուտ ժողովրդի… Բացարձակ սուտ են մարմնավորել բոլորի մեջ, որ խոշորը հարկվելու է: Բոլոր տեսակի հարկային ավելացումները խոշորի վրա կազմում են 2-2.5 միլիարդ դրամ: Միայն գնաճի հետեւանքով ավելացող ավելացված արժեքը ժողովրդի վրա կլինի 50 միլիարդ», - պնդեց նախկին վարչապետը` շարունակելով. - «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ եւ հրավիրում եմ եւ Հանրապետության նախագահի ուշադրությունը, ե'ւ Հանրապետական կուսակցության ուշադրությունը` ազգային եկամտի օգտագործման հաշվի մեջ խոշորների, հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ: Այսինքն` 2012-ը բերքառատ տարի է լինելու հարուստների համար: Աղքատացումը շարունակվելու է»:

Հիմնավորելով իր պնդումը, թե գալիք տարի խոշոր ընկերությունները ավելի քիչ հարկ վճարելու, քան փոքր ու միջինները` Բագրատյանը պարզաբանեց. - «Մյուս տարի հարկային եկամուտները ավելանում են 101 միլիարդով: 101 միլիարդից 45-ը ինֆլյացիան է, ինֆլյացիայի շնորհիվ անուղղակի հարկերը ժողովրդից կավելանան: Մեր երկրում ուղղակի հարկեր չկան, կան անուղղակի հարկեր: 45 միլիարդ ավելացումը տալու է ժողովուրդը: Եվս 50 միլիարդ տնտեսական աճն է: Այսինքն` ժողովուրդն արդեն 45 միլիարդը վճարելու է, հարուստներին վերաբերվում է պրոգրեսիվ եկամտահարկը, որը շատ աղճատված ձեւով, հիմար ձեւով մտցվեց, եւ շքեղության հարկը: Երկուսն իրար հետ մաքսիմում կազմում են 2.5 միլիարդ»:

Ըստ նախկին վարչապետի, եթե Հայաստանի տնտեսությունը չափենք ԱՄՆ դոլարով, այլ ոչ դրամով, որը, ինչպես հայտնի է 2009 թվականի մարտի 3-ին կտրուկ արժեզրկվեց, ապա կտեսնենք, որ տնտեսությունը դեռ չի հասել նախաճգնաժամային` 2008 թվականի մակարդակին, մինչդեռ աշխարհի տնտեսությունը, վերականգնվելով ճգնաժամից հետո, անցել է նախաճգնաժամային մակարդակը:

Այս հանգամանքը, ըստ Բագրատյանի, ուղղակի վկայում է, որ Հայաստանի կառավարությունը աշխատում է անարդյունավետ. - «Ոչ ոք չի ասում` պարոն վարչապետ, 2009 թվին ունեցել եք 14.5 տոկոս անկում, սա չորրորդ վատ ցուցանիշն է 208 պետությունների մեջ` 205-րդ ցուցանիշն է եղել… Մեզնից վատ եղել է Էստոնիան, Լատվիան, Ուկրաինան: 2010-ին աշխարհն աճեց 5.1 տոկոս, ինչո՞ւ Հայաստանը աճեց 1 տոկոս, եւ ինչո՞ւ 1 տոկոսը հիմա ասում ենք 2.6 տոկոս է եղել: Ինչո՞ւ եք խաբում…»:

Ըստ Համաշխարհային բանկի պաշտոնական կայքէջի, 2010 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է 1 տոկոսով: Մինչդեռ, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն անցած տարի Հանրապետության տնտեսությունը աճել է 2.6 տոկոսով:

Բացի այդ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, եթե 2008 թվականին Հայաստանի տնտեսության չափը` համախառն ներքին արդյունքը, կազմել է 11.6 միլիրադ ԱՄՆ դոլար, ապա 2010 թվականին` 9.2 միլիարդ: Այսինքն` Հայաստանի տնտեսությունը դեռ չի հասել նախաճգնաժամային` 2008 թվականի մակարդակին:
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG