Մատչելիության հղումներ

Ներսես Նազարյանը վստահեցնում է` Քեշիշյանին ենթադրաբար աջակցած ոստիկանները եւս կպատժվեն


Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյան
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյան
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի փոխանցմամբ` բոլոր այն ոստիկանները, ովքեր ներգրավված են եղել թմրանյութ իրացնելու գործը կաշառքի միջոցով կոծկելու մեջ, պատժվելու են:

Հիշեցնենք, ըստ Հատուկ քննչական ծառայության, Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը թմրանյութ իրացնելու գործով մի քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատելու համար միջնորդի միջոցով հոկտեմբեր ամսին ստացել էր առանձնապես խոշոր չափի` 12 հազար դոլարի կաշառք: Ոստիկանության փոխգնդապետը, ով մեկ շաբաթ փախուստի մեջ էր գտնվում, 3 օր առաջ կամովին ներկայացել է նախաքննական մարմին: Ըստ ՀՔԾ-ի, նա ներկայացրել է նաեւ որպես կաշառք ստացած գումարը: Քեշիշյանը արդեն կալանավորվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածի հատկանիշներով: Այս արարքը պատժվում է 7-12 տարվա ազատազրկմամբ:
Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Միհրան Քեշիշյան
Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Միհրան Քեշիշյան

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ասաց` Քեշիշյանը իրեն մեղավոր ճանաչում է:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե բոլորն էլ հասկանում են, որ Քեշիշյանը միայնակ չէր կարող այդ գործը գլուխ բերել, Նազարյանը արձագանքեց. - «Դա արդեն քննությունը կպարզի, եւ նույնիսկ այն անձինք, որոնք որ քննությունով էլ կարող է չհաստատվել, բայց Ձեր ասածի պես, մենք պատկերացնում ենք, որ միայնակ չէր կարող, նույնիսկ այդ անձնավորությունները կպատժվեն, եւ բոլորը կհասկանան, որ նույնիսկ դրա մասին մտածել չի կարելի: Թեկուզ եւ չի հաստատվի, բայց մենք շատ լավ գիտենք` ինչ պայմանավորվածություն կարող է լինել, եւ միանշանակ կպարզվեն նաեւ նմանատիպ մարդիկ եւ ամեն ինչը կլինի նորմալ»:

Ներսես Նազարյանի խոսքով` նման դեպքերը օր օրի կպակասեն. - «Քանի որ այնպիսի կադրային նշանակումներ են կատարվում, այնպիսի աշխատանք է տարվում, որ պատահական մարդիկ չեն լինի մեր համակարգում: Ավելի երիտասարդ, ավելի մաքուր անցյալով, թեկուզ եւ մի քիչ անփորձ էլ լինեն, բայց այսօր մեր համակարգին պետք են մարդիկ, որոնք անբիծ անցյալ ունեն եւ երիտասարդներ լինեն, նոր աճող սերունդը լինի, եւ մեր գործը ավելի կհեշտանա: Իսկ նման դեպքերը ամենախիստ պատիժը եւ արձագանք են ստանալու մեր կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG