Մատչելիության հղումներ

Մոսկվայում կքննարկվի Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման հարցը


Եվրամիության վիզա
Եվրամիության վիզա
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Երեւանից մեկնելու է Մոսկվա, որտեղ հինգշաբթի օրը մասնակցելու է Ռուսաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմը ազատականացնելու հարցը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Վերջին օրերին Ռուսաստանի ղեկավարները այս հարցը ակտիվորեն բարձրացնում են: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այս մասին երեքշաբթի օրը խոսել է Գերմանիայի նախագահի հետ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը նույն թեմայով խոսել է գերմանացի գործարարների հետ ավանդական հանդիպման ժամանակ։

Եվրոպական երկրները եւս շահագրգռվածություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու համար։

Ֆրանսիան եւ Գերմանիան կոչ են անում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ արագորեն բանակցություններ սկսի վիզային ռեժիմը վերացնելու հարցով` չնայած այն մտավախությանը, որ դա կարող է սխալ ազդանշան լինել հետխորհրդային մյուս երկրների համար:

European Union Observer կայքը նշում է, որ երկու երկրների արտգործնախարարները անցած կիրակի` նոյեմբերի 13-ին իրենց մոտեցումները ներկայացրել են Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպմանը: Ոչ պաշտոնական ճաշին մասնակցել են նաեւ Եվրամիության մի քանի այլ երկրների արտգործնախարարներ:

Երեքշաբթի օրը Լեհաստանի բարձրաստիճան մի պաշտոնյա նշել է, որ պաշտոնական Վարշավան ուրախ կլինի, եթե այդ պլանը իրականացվի: «Մենք կարծում ենք, որ զբոսաշրջիկների եւ գործարարների ճամփորդության ազատության խոչընդոտները պետք է վերացվեն: Լավ է, որ մեր միության որոշ անդամներ ցանկանում են Ռուսաստանի հետ ազատականացնել վիզային ռեժիմը: Լեհաստանը հիմա բանակցային գործընթացի մեջ է Կալինինգրադի հետ` տեղական միջհամայնքային երթեւեկության համաձայնագրի շուրջ», - ասել է լեհ դիվանագետը:

Իսկ Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Բակոնսկին երկուշաբթի օրը զգուշացրել է, թե չպետք է հատուկ վերաբերմունք ցույց տալ Ռուսաստանի նկատմամբ: Նա ասել է, որ կիրակի օրը ոչ պաշտոնական ճաշի ժամանակ քննարկելով հարցը` իրենք խոսել են տեղական համաձայնությունների մասին: Բակոնսկին նշել է, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը չպետք է ազատականացվի` տարածաշրջանի մյուս գործընկերներին թողնելով սպասումների մեջ:

Շաբաթավերջին Քեթրին Էշթոնին հղած համատեղ նամակում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն եւ Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին ընդգծել են, որ Ռուսաստանը շատ բան ունի անելու ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում, բայց նշել են նաեւ, որ Ռուսաստանը քաղաքական մեծ ազդեցություն, տնտեսական նշանակալից հնարավորություններ եւ բնական ահռելի պաշարներ ունի:

«Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ ուժեղ եւ հավակնոտ գործընկերությունը ոչ միայն դրական էֆեկտ կունենա մեր անվտանգության հարցում, այլեւ կնպաստի Եվրոպայի աշխարհաքաղաքական կշռին ու ազդեցությանը», - գրել են Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարները Էշթոնին:

Փորձագետները Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ նշում են, որ այն շատ քաղաքական է, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, թե Եվրամիության համար Ռուսաստանը շատ ավելի կարեւոր է, քան հետխորհրդային փոքր երկրները, որոնք ցանկանում են միանալ Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG