Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 17-ի մամուլ


Գնահատելով ներքաղաքական իրողությունները` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Տարիներ շարունակ թե' իշխանական կուսակցություններն ու քարոզչամիջոցները, թե' ընդդիմությունը, թե' միջազգային կառույցները, թե' տարբեր տրամաչափի վերլուծաբանները հասարակական գիտակցության մեջ արմատավորում են այն միտքը, որ Հայաստանում անձերի փոփոխությամբ որեւէ հարց չի լուծվի, անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ: Կենցաղային մակարդակով դա հնչում է այսպես. «ով էլ գա` նույնն ա անելու», կուսակցությունների մակարդակով ձեւակերպումը փոքր-ինչ ավելի բարեհունչ է. «անձերի փոփոխությունն ինքնանպատակ չէ, մենք կողմ ենք ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխությանը»: Ու հենց այսպես էլ կամաց-կամաց ստեղծվում է այն միֆը, թե անձերը կապ չունեն, «սիստե'մը սիստեմ չէ»… Հետեւաբար` այս իշխանությունների նպատակը պիտի լինի այն, որ ժողովուրդը չկարողանա համախմբվել կոնկրետ նպատակի շուրջ: Այստեղից էլ` «անձերի փոփոխությունները» մերժելն ու շատ ավելի անորոշ «համակարգային փոփոխությունների գաղափարը» քարոզելը»:

«Երկիր» օրաթերթի խմբագրականն անդրադառնում է ոստիկանության համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխություններին: «Ընդամենը երկու շաբաթ է, ինչ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետ է, սակայն համակարգում իսկական կադրային հեղաշրջում է: Ոստիկանապետի այս ձեռնարկումները երկու բան են նշանակում. նախ` որ նա իսկապես խորքային մակարդակով ծանոթ է համակարգին, ինչը ողջունելի է, եւ երկրորդ` հնարավոր չէ պատկերացնել, որ կադրային նման տեղաշարժերն առանց հանրապետության նախագահի խրախուսման են տեղի ունենում: Սակայն էականը հարցի պատասխանն է, թե, ի վերջո, ի՞նչ խնդիր է լուծվում այս ամենով», - գրում է թերթն ու ամփոփում. - «Առայժմ հիմքեր չեն ձեւավորվում վստահ լինելու, որ ոստիկանությունը վերջապես կարող է, կոնյունկտուրային շահերի սպասարկման դաշտից դուրս գալով, հայացքով շրջվել դեպի հասարակությունը»:

Հատված Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի հետ «168 ժամ» թերթի հարցազրույցից: Հարց. - «Համաձա՞յն եք Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»: Պատասխան. - «Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ նախագահի ցանկացած ելույթի հետ ես համաձայն եմ: Նախագահն ինչ անում է` շատ ճիշտ է անում ու հայտարարում»: Հարց. - «Դուք գործարար եք, նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում նորից առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը»: Պատասխան. - «Եթե նախագահն ասի` չես առաջադրվելու, չեմ առաջադրվի: Իսկ եթե ասի` առաջադրվի` կառաջադրվեմ»: Հարց. - «Այս հայտարարությունը չի՞ նշանակում, որ գործարար պատգամավորները չպետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Այսինքն, Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությունից հետո դժվար թե առաջարկի»: Պատասխան. - «Իհարկե, բայց ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ առաջադրվելու ցանկություն չունեմ»: Հարց. - «Ձեր կարծիքով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները կամ կադրային մյուս փոփոխություններն ի՞նչ նպատակ են հետապնդում»: Պատասխան. - «Դրական եմ վերաբերվում այդ փոփոխություններին: Մեր նախագահն ինչ անում է` ճիշտ է անում, եւ դրանք հաշվարկված են»: Հարց. - «Ինչո՞ւ եք այդքան վստահ: Նախագահն էլ մարդ է եւ կարող է սխալվել»: Պատասխան. - «Ի տարբերություն մեզ բոլորիս` նախագահը շատ լավ հաշվում է»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Արագություն հավաքող խորհրդարանական ընտրապայքարի հիմնական առանձնահատկությունը թերեւս այն է, որ 2012 թ. մայիսին հաջողության հասնելու քաղաքական հայտ ներկայացնող ուժերի եւ գործիչների «զինանոցում» բացակայում է Հայաստանի բոլոր նախորդ համապետական ընտրություններում մշտապես գոյություն ունեցող նորույթի, անակնկալի, ինչպես ընդունված է ասել՝ «նոու հաուի» բաղադրատարրը։ Ե՛վ իշխանության, ե՛ւ ընդդիմության դաշտում վաղուց արդեն ծանոթ ուժեր ու առաջնորդներ են, որոնց վերաբերյալ հասարակությունն ունի կայուն եւ լիովին ձեւավորված պատկերացումներ։ Անկախ նրանից, թե 2012-ի մայիսին ինչպե՞ս են նրանք ներկայանալու ընտրողների դատին եւ ի՞նչ «նորարարական հնարքներ» են գործադրելու, հասարակության գերակշիռ մասը քվեարկելու է տվյալ քաղաքական ուժի նախորդ գործունեության մասին պատկերացումների հիման վրա»։ Թերթը եզրահանգում է. - «Խորհրդարանական ընտրություններում հաջողություն արձանագրելու համար վերջիններս այսօրվանից սկսած պետք է մտածեն վառ անհատականությունների ի հայտ գալու մասին, որոնց կարիքը քաղաքական դաշտը շատ է զգում»:


Այսօր Ուսանողության միջազգային օրն է։ Այս առիթով «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Նայելով այսօրվա ուսխորհուրդների երիտասարդներին` ես ենթադրում եմ, որ նրանց ձգտումները սահմանափակվում են նյութապես շքեղ կյանքով եւ, որն ավելի էական է, իրենց այս կամ այն բարձր աթոռին պատկերացնելով։ Տեսե՞լ եք այսօր որեւէ ուսխորհուրդ, որում լինեն ՀՀՇ-ի կամ, ասենք, Դաշնակցության ներկայացուցիչները։ Դա բացառված է, որովհետեւ «ուսանողական բյուրոկրատիան» իշխանության համար գործիք է, որն օգտագործվում է, մասնավորապես, ընտրությունների ժամանակ, նաեւ մի տեղ է, որտեղ բուծվում են ապագա կուսակցական ֆունկցիոներները»։
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG