Մատչելիության հղումներ

Վարչապետը չի ցանկանում մեկնաբանել մարզպետի հետ կապված միջադեպը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ կին գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ երկուշաբթի տեղի ունեցած հայտնի միջադեպին, հայտարարեց, թե «ճիշտ կլինի, որ գործադիր իշխանությունը զերծ մնա մեկնաբանություններից մինչեւ քրեական գործի ավարտը»:

Հիշեցնենք` երկու օր առաջ կին գործարարը ե´ւ քննչական մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ, ե´ւ լրատվամիջոցների հետ զրույցներում հայտարարել էր, որ նույն օրը երեկոյան Սյունիքի մարզպետը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դռներից ներս մտնելով, հարձակվել է իր վրա եւ հարվածել իրեն: Դա, ըստ Սիլվա Համբարձումյանի, տեսել են հյուրանոցի նախասրահում գտնվողները:

Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում, սակայն, Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը որակվեցին սուտ եւ զրպարտություն` ուղղված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ:

Մինչդեռ, Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը, ով այդ ժամանակ «Մարիոթ» հյուրանոցի նախասրահում է եղել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ մարզպետի եւ կին գործարարի միջեւ միջադեպ եղել է` քաշքշուկ:

Հիշեցնենք նաեւ, որ միջադեպի կապակցությամբ Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

«Այդ արարքի վերաբերյալ տրվում են տարբեր մեկնաբանություններ… Ընդամենը մի քանի օր առաջ նույն լրատվական միջոցները տարածեցին տեղեկատվություն, որ վարչապետը հարբած ելույթ ունեցել», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Վարչապետը իրավունք չունի գնահատական տալ, եթե ինքը այդ փաստերի հետ դեռեւս չի ծանոթացել: Տարբեր մեկնաբանություններ կան. մի կողմը ասում է, որ եղել է, մյուս կողմը ասում է` ոչ, չի եղել: Եթե եղել է, դա դատապարտելի արարք է: Ես իմ օրինակի վրա եմ ասում` բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ ասում էին, որ դա հաստատ եղել է, երբ որ դա չէր եղել… Գործադիր իշխանությունը իրավունք չունի հայտարարություններով հանդես գալ, քանի դեռ գործը ավարտված չէ»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ճիշտ չէր լինի արդյոք, որ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես ժամանակին արեց Գագիկ Բեգլարյանը, հրաժարական տար` վարչապետը պատասխանեց. - «Այս դեպքը տարբերվում է նախորդ դեպքից, որովհետեւ մեկ այլ քրեական գործ էլ արդեն իսկ հարուցված էր` կապված հանքերի հետ: Եվ դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ երկու քրեական գործ արդեն հարուցված է, սպասել մինչեւ քրեական գործերի ավարտը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Լիճքվազ-Թեյի հանքավայրից, որը պատկանում է կին գործարարին, գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, եւ այն գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվաձոր» հանքավայրում: Եվ այդ հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը սկսեց ստուգել մատնանշված հանգամանքը:

Սյունիքի մարզպետի եւ կին գործարարի միջեւ տեղի ունեցած միջադեպին այսօր անդրադարձավ նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` խորհրդարանում պատգամավորներ-կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:

«Կառավարության միասնական դիրքորոշումը կհնչի այն դեպքում, երբ որ իրավական ճանապարհով այս ամբողջը կհաստատվի: Կառավարության ցանկացած հայտարարություն կարող է դիտարկվել որպես միջամտություն այդ ընթացքին: Կառավարությունն ուշի-ուշով կհետեւի` առանց որեւէ միջամտություն ցուցաբերելի», - ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG