Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Քայլ առ քայլ իրականացնելու ենք այն նորմը, որ ամրագրված է Սահմանադրության մեջ»


Չորեքշաբթի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը ներկայանալու է նոր` երիտասարդ եւ ոչ գործարար թեկնածուների ցուցակով:

«Ես կարծում եմ, այս հարցի պատասխանը Հանրապետության նախագահը հստակ տվեց եւ ձեւակերպեց մեր կուսակցության մոտեցումները, որ մենք քայլ առ քայլ իրականացնելու ենք այն նորմը, որ ամրագրված է մեր Սահմանադրության մեջ, եւ պետք է իրավական մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պատգամավորները, կառավարության անդամները չզբաղվեն բիզնեսով», - ասաց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Դրա համար արդեն իսկ ընդունվել են Ազգային ժողովի կողմից կարեւոր օրենսդրական փոփոխություններ, որոնք մեխանիզմներ են առաջարկում, թե ինչպես պետք է պետությունը վերահսկի, որպեսզի պատգամավորները եւ կառավարության անդամները չզբաղվեն բիզնեսով: Մասնավորապես, խոսքը նրանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին է, Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման մասին, բաց եւ թափանցիկ ռեգիստրի ձեւավորման մասին, որը դարձնելու է հրապարակային պաշտոնական անձանց հայտարարագրերը, եւ հանրությունը, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովը հնարավորություն կունենան վերահսկել, որպեսզի իշխանությունը տարանջատված լինի բիզնեսից»:

Հարցին, թե արդյոք հաջորդ Ազգային ժողովում ՀՀԿ-ն գործարար պատգամավորների չի ունենա, վարչապետն արձագանքեց. - «Դա Սահմանադրության պահանջն է եւ օրենքների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG