Մատչելիության հղումներ

ՍԴ-ն քննեց Կարեն Անդրեասյանի դիմումը


Սահմանադրական դատարանը այսօր քննեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 10871հոդվածի սահմանադրականության հարցով:

Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ կարեւորելով խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը` դատարանը հետաձգել է այլ գործերի քննությունը:

Օմբուդսմենն անձամբ էր ներկայացնում դիմումը իր ղեկավարած գրասենյակի երկու իրավաբանների օգնությամբ, իսկ պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովը ներկայացնում էր խորհրդարանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը:

Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ վիճարկվող հոդվածի մի շարք հասկացություններ խիստ անորոշ են, այդ թվում` վիրավորանք, զրպարտություն, ստույգ փաստ, ողջամտության սահմաններ եւ այլն: Սակայն ամենակարեւորը, ըստ օմբուդսմենին, որ անորոշ է, փոխհատուցման առավելագույն չափն է:

«Համապատասխան դրույթների անորոշությունը եւ փոխհատուցման սահմանման հստակ չափանիշների բացակայությունը իր հերթին իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել են արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակմանը` արդյունքում վտանգելով որոշ լրատվամիջոցների հետագա գործունեությունը: Մենք կից ներկայացնում ենք տեղեկանք որոշ լրատվամիջոցների տարեկան շահույթների վերաբերյալ, որը կվկայի, թե ինչ տեղի կունենա որեւէ լրատվամիջոցի հետ, եթե կիրառվի գոնե մեկ գործով այդ փոխհատուցման առավելագույն չափը», - իր խոսքում նշեց Անդրեասյանը:

ԱԺ-ն ներկայանցնող պատասխանող կողմը առարկեց օմուդսմենի բոլոր նկատառումներին` նրա դիմումը որակելով անհիմն: Անի Մխիթարյանը հայտարարեց, թե օրենսդիրը մտադրություն չի ունեցել որեւէ կերպ սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը:

«Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք եւ առավել եւս լրագրողները, մեր կարծիքով, պարտավոր են հարգել անձի արժանապատվությունը եւ այս պարտականությունը բխում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական օրենսդրությունից, այլ նաեւ լրագրության ոլորտը կարգավորող եւ պրոֆեսիոնալ լրագրողներին ծանոթ միջազգային փաստաթղթերից», - ասաց Մխիթարյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի առաջիկա ժամերին:

«Այսօր մենք սպառիչ պատասխանել են Սահմանադրական դատարանի բոլոր հարցերին: Թե որքանով են նրանք համաձայնվել մեր գնահատականների, մեկնաբանությունների հետ, դա գործընթաց է, որը մենք չենք կարող կանխատեսել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կարեն Անդրեասյանը:
XS
SM
MD
LG