Մատչելիության հղումներ

«Եվրոպական երկրների կատակլիզմները»` լրացուցիչ 101 միլիարդի հավաքագրման խոչընդոտ


Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, եթե եվրոպական երկրներից եկող կատակլիզմներ լինեն, ապա գալիք տարվա պետբյուջեով նախատեսված լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի ու տուրքերի հավաքագրման գործում կարող են խնդիրներ առաջանալ:

Ինչպես հայտնի է, 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված է այս տարվա համեմատ հավաքել 101 միլիարդ դրամի ավելի հարկերի ու տուրքեր: Այդ հարկերի կեսից ավելին կառավարությունում նախատեսում են հավաքել տնտեսական աճի արդյունքում, որը կառավարության հաշվարկով մյուս տարի կլինի 4.2 տոկոս: Այսինքն` կառավարությունում ակնկալում են, որ գալիք տարվա տնտեսական աճը իր բարենպաստ ազդեցությունը կթողնի ընկերությունների վրա, որոնց եկամուտները, շահույթը կավելանան, ուստի եւ նրանք ավելի շատ հարկեր կվճարեն:

«Եթե լինեն եվրոպական երկրներից եկող կատակլիզմներ, եթե գյուղատնտեսությունը էական կլիմայական պայմանների փոփոխության դեպքում ունենա կատաստրոֆիկ փոփոխություններ, բնականաբար, կարող են լինել որոշակի խնդիրներ: Այլ հավասար պայմաններում բյուջեն իրատեսական է, եւ եկամուտները կհավաքագրվեն ինչպես նախատեսված է», - ասաց Վաչե Գաբրիելյանը երկուշաբթի կայացած ասուլիսում:

Լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի հավաքման կապակցությամբ կառավարությունում, փաստորեն, ի հայտ են եկել տարաձայնություններ: Օրինակ, եթե վարչապետն Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնում, որ այդ գումարը կհավաքվի, Պետկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրապարակավ արտահայտում է իր մտահոգությունները այդ առնչությամբ: Այս հարցի վերաբերյալ կառավարությունում ու Ազգային ժողովում մոտ մեկ ամիս տեւած քննարկումներից հետո էլ Պետկամուտների կոմիտեի նախագահը հայտարարեց, թե իրենք դեռ մտահոգություններ ունեն:

Գագիկ Խաչատրյանը ասում է` ցույց տվեք տնտեսության այն ոլորտները, որտեղից գալիք տարի հնարավոր կլինի գանձել լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ, եւ ՊԵԿ-ն կգանձի այն: Խաչատրյանը այս ամսվա սկզբին ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ լրագրողներին տեղեկացրել էր, որ ՊԵԿ-ը շարունակում կառավարության հետ քննարկել այս հարցը:

Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց, թե այդ քննարկումները դեռ շարունակվում են:

«Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որը արտահայտել էր ՊԵԿ-ի ղեկավարը, դրանք ընդհանուր մակրոտնտեսական համատեքստով պայմանավորված մտահոգություններ են: Եթե ասենք, խոշոր խնդիրներ առաջանան Եվրոպայում, բնակականաբար, դա կազդի համաշխարհային տնտեսության վրա, եւ նմանատիպ մտահոգությունների նաեւ բյուջեի ուղերձում է անդրադարձ արված: Այսինքն, քանի որ մակրոտնտեսական իրավիճակի տատանողականությունը աշխարհում մեծացել է, նման մտահոգություն ամեն դեպքում առկա է», - ասաց ֆինանսների նախարարը:

Իր այսօրվա ասուլիսին Վաչե Գաբրիելյանը նաեւ տեղեկացրեց, թե գործարկվել է պետական գնումների էլեկտրոնային (օնլայն) համակարգը, եւ հաջորդ տարվանից պետական համակարգի շուրջ 60 մարմիններ ամբողջությամբ կանցնեն նոր համակարգին:

Ըստ ֆինանսների նախարարի` 2010 թվականին Հայաստանում պետական տարբեր մարմինների համար կատարել են մոտ 450 միլիարդ դրամի կամ 1 միլիարդ 164 միլիոն դոլարի գնումներ:

please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG