Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամը հերքում է ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անցած կիրակի Իջեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ղալումյանի վստահված անձանցից Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանել:

«Միանշանակ բացառում եմ», - հայտարարեց պատգամավորը:

Արձագանքելով պարտված թեկնածու, Իջեւանի արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հայտարարություններին, թե «Բարգավաճ Հայաստան»-ը 10-15 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանել` Զոհրաբյանը ասաց, թե ինքը տեղյակ չէ նման բողոքներից, եւ եթե անգամ այդպիսի բողոքներ կան, ապա դրանք «բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:

Պատգամավորն ընդգծեց, որ ոստիկանությունն արդեն պարզաբանում տվել է, որ մեկ-երկու հոգու բերման ենթարկել են ընտրակաշառք բաժանելու կասկածանքով, բայց նրանց ազատ են արձակել, քանի որ կասկածները չեն հաստատվել. - «Եվ սա, կարծում եմ, հստակ պատասխանն է այլեւս նախկին քաղաքապետին»:

Հարցին, թե կարելի է արդյոք պնդել, որ ընտրությունն անցել է ազատ ու արդար, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. - «Կարելի է իսկապես ասել, որ նորմալ ընտրություններ տեղի ունեցան… Նորմալ ասելով` ենթադրում եմ ազատ ընտրություններ… Իհարկե, մենք էլ կարող ենք խոսել որոշակի երեւույթների մասին, բայց ես հիմա չեմ ցանկանում դրա մասին խոսել: Կարեւորն այն է, որ իջեւանցին կարողացավ իր քվեն հասցնել տեղ: Ինձ անընդհատ հարցնում էին, թե ինչու են «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները այնտեղ… Մենք այնտեղ էինք իջեւանցու քվեն պաշտպանելու համար»:

Զոհրաբյանը, ի դեպ, անընդունելի է համարում, երբ այս ընտրությունները փորձում են տեղափոխել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ «ենթադրյալ» հակամարտության դաշտ. - «Բացարձակապես անպտուղ է: Այս ամենը փորձ է կրկին անգամ տեղափոխել ՀՀԿ - ԲՀԿ ենթադրյալ հակամարտությունների դաշտ»:

ՀՀԿ-ն վերլուծելու է պարտության պատճառները

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դեռեւս չեն շտապում գնահատականներ տալ Իջեւանում կայացած ընտրություններին: Կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն դեռ պետք է վերլուծի, թե ինչու պարտվեց իրենց կուսակիցը:

«Մենք պետք է խորը վերլուծության անենք, վերհանենք այն խնդիրները, որ առաջ են եկել կամ առկա են եղել… որից հետո կտանք վերջնական եւ մանրամասն պարզաբանումներ», - ասաց նա:

«Համայնքի ղեկավարը, որը մի քանի անգամ պաշտոնավարում է, վերընտրվում է, նաեւ որոշակի առումով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ունենում է եւ թերություններ, եւ ձեռք է բերում, այսպես ասած` ոչ կողմնակիցներ: Եվ իմ կարծիքով, նաեւ սա էր, որ դեր խաղաց», - շարունակեց նա:

Հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն գնահատում իր դիրքերը «Բարգավաճ Հայաստան»-ին զիջելը համապետական ընտրությունների նախապատրաստական փուլում, Սահակյանը արձագանքեց. - «Հանրապետական կուսակցությունը այդ տեսանկյունից չի դիտարկում այս խնդիրը: Մենք փորձում ենք նաեւ որպես պատասխանատվություն կրող, իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, որպեսզի սկսած համայնքային ընտրություններից, վերջացած սպասվելիք համապետական ընտրություններով, կարողանանք ապահովել արդար, թափանցիկ ընտրություններ»:

Հարցին, թե հնարավոր է, որ ազատ եւ արդար ընտրությունների պարագայում «Բարգավաճ Հայաստան»-ը ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ ստանա նաեւ համապետական ընտրություններում, պատգամավորը արձագանքեց. - «Չեմ կարծում, որ համապետական ընտրությունների ժամանակ կարող է առաջանալ նման խնդիր, թեպետ որոշողը, նաեւ ձայներ տվողը ժողովուրդն է: Ընդամենը կարող ենք ասել, որ Հանրապետական կուսակցությունը յուրաքանչյուր Ազգային ժողովում ընդլայնել է եւ մեծացրել է իր ազդեցությունը եւ ներկայացվածությունը: Եվ կարող եմ պարզ ճակատով ասել, որ 2012 թվականը չի լինելու բացառություն»:

Հարկ է հավելել, որ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հերքում է մամուլում հայտնված տեղեկությունները, թե իրենք իբր Իջեւանի քաղաքապետի ընտրություններում սատարել են «Բարգավաճ Հայաստան»-ին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով տեղում հետեւել է ընտրությունների ընթացքին, այդ տեղեկությունները «զառանցանք» անվանեց:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաշխյանը ասաց նաեւ, որ ակնհայտ խախտումներ չի տեսել, իսկ ընտրակաշառքի մասին խոսակցություններ լսել է. - «Մեր ժողովուրդը այնքան սովորել է այդ կաշառքին, որ իր համար անհրաժեշտ պայման է ընտրության գնալու: Ճիշտ է, մենք չենք տեսել, բայց այդ խոսակցություններին հավատում ենք, որ երկու կողմից էլ ինչ-որ բաներ եղել են»:
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG