Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի դեսպանը ավարտում է իր առաքելությունը


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձավ իր պաշտոնում ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսին եւ Քեթրին Ջեյն Լիչին նշանակելու` պաշտոնական Լոնդոնի որոշմանը:

Ամուսնական զույգին դեսպանի պաշտոնում նշանակելը բրիտանական Daily Mail պարբերականը տարօրինակ էր որակել, գրելով, թե քննադատների համոզմամբ` այս նշանակումը հուշում է, որ Հայաստանի հանդեպ Մեծ Բրիտանիայի վերաբերմունքում լրջության պակաս կա:

«Ես չեմ կարծում, որ որոշումը արժանացավ գնահատականների, թե դա վիրավորական է Հայաստանի համար: Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստան է գալու շատ ակտիվ, ոգեշնչնված եւ աշխատասեր երիտասարդ մարդկանց զույգ: Սա շատ կարեւոր է նաեւ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության համար, քանի որ մենք կարողանում ենք, չբաժանելով ամուսնական զույգը, միաժամանակ նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ զարգանալ այստեղ գտնվելով: Բայց սա նաեւ կարեւոր է Հայաստանի համար, դուք կկարողանաք օգուտ քաղել երկու բանիմաց, գիտակ մարդկանցից», -ասաց դեսպանը:

Բրիտանական պարբերականի պնդմամբ, Մեծ Բրիտանիան Հայաստանից բացի ընդամենը մեկ երկրում` Զամբիայում է կիրառել համատեղ դեսպաններ-ամուսիններ նշանակելու պրակտիկան, սակայն միտում կա հետագայում այն շարունակել: Ի դեպ, դեսպանի առաքելությունն ավարտող Չարլզ Լոնդսդեյլը պաշտոնավարման ընթացքում ամուսնացավ հայուհու հետ:

Դեսպանն ասաց, որ ողջունում է նախագահի վերջին հայտարարությունը բիզնեսը քաղաքականությունից զատելու մասին, եւ անհամբերությամբ սպասում է, որ հաջորդ խորհրդարանում դա իրականություն է դառնալու:

«Իհարկե մարտի 1-ի իրադարձությունները մեծ ազդեցություն թողեցին քաղաքական մթնոլորտի եւ զարգացումների վրա: Եվ այս իմաստով մենք մեծապես ողջունում ենք վարչապետի հանձնառությունը` անկախ Հայաստանի 20 տարվա պատմության մեջ անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները: Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն է ցույց տալու մեծ քայլ ժողովրդագրության զարգացման ճանապարհին: Այս նախաձեռնությանն աջակցող մեծածավալ ծրագրեր կլինեն, օրինակ Եվրամիության կողմից, եւ դա մեծ պատասխանատվություն կդնի իշխանությունների ուսերին` խոստումը պահպանելու համար», - ասաց Լոնսդեյլը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին` դեսպանն ընդգծեց, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Մինսկի խմբին, թեեւ անցնող տարիներին առաջընթացը քիչ էր: «Կարգավորման համաձայնագրի համար որոշակի հենք արդեն կա», - ասաց Լոնսդեյլը` հավելելով, թե, այնուամենայնիվ, դա քաղաքական կամքի հարց է: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցության ազդեցությանը ղարաբաղյան խնդրի վրա, ապա նա ասաց. - «Կարծում եմ` կապը ակնհայտ է: Մենք ունենք տնտեսական հետաքրքրություններ եւ շահագրգռված ենք, որպեսզի հակամարտությունը կարգավորվի, տարածաշրջանում խաղաղություն լինի, որպես տնտեսական շահը չտուժի»:

Չարլզ Լոնսդեյլի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայում Հայաստանի հետ վիզային ռեժիմը դյուրացնելու տեսլական առայժմ չկա:

«Այնուամենայնիվ, այս 4 տարիների ընթացքում Հայաստանից Միացյալ Թագավորություն այցերի կայուն աճ ենք ունեցել` ամեն տարի 10 տոկոս, գուցե եւ ավելի, անկախ այցելության նպատակներից` զբոսաշրջություն, կրթություն, բիզնես», - ասաց նա:

Պաշտոնավարման ավարտին դեսպան Լոնսդեյլը հիշում է` երբ նոր էր եկել Հայաստան, իրեն զգուշացրել են չբարձրաձայնել, օրինակ, կանանց նկատմամբ բռնության մասին: Նա ասաց` հիմա մեծ առաջընթաց է տեսնում քաղաքացիական հասարակության կայացման առումով:
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG