Մատչելիության հղումներ

Իտալիայի հույսը նոր վարչապետ Մարիո Մոնտին է


Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին
Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին
Եվրահանձնաժողովի նախկին կոմիսար Մարիո Մոնտին նշանակվել է Իտալիայի վարչապետ։

Այդ մասին հայտնի է դարձել երեկ ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն խորհրդակցություններ է անցկացրել երկրի հիմնական քաղաքական առաջնորդների հետ եւ որոշել Մոնտիին նոր կառավարություն ձեւավորելու մանդատ տալ։

«Արտահերթ ընտրություններից եւ դրա հետեւանքով առաջանալիք իշխանության վակումից խուսափելու հրամայականը այսօր միավորեց բոլոր քաղաքական ուժերին, որոնք մտահոգված են երկրի ապագայով», - Մոնտիի նշանակումից հետո հայտարարել է Իտալիայի նախագահը։

Իտալիայում շատերն են ֆինանսական եւ վարկային ճգնաժամից դուրս գալու հույսերը կապում հենց Մոնտիի հետ. նա մեծ համարում ունեցող տնտեսագետ է։ Օրեր առաջ Իտալիայի նախագահը նրան նշանակել էր ցմահ սենատոր՝ այսպիսով վերացնելով վարչապետ դառնալու օրենսդրական խոչընդոտները։

Նշանակումից հետո 68-ամյա Մոնտին հայտարարել է, որ Իտալիան համընդհանուր ուժերով կհաղթահարի ճգնաժամը։

«Մեր երկիրը պետք է վերածնվի, պետք է նորից դառնա Եվրամիության ուժը, այլ ոչ թե թույլ կողմը. Իտալիան եղել է Եվրամիության հիմնադիրների շարքում եւ պետք է շարունակի մնալ առաջնորդներից մեկը», - ասել է Իտալիայի նորանշանակ վարչապետը։

Իտալիա -- Խորհրդարանը քվեարկում է տնտեսական ռեֆորմների փաթեթի օգտին, Հռոմ, 11-ը նոյեմբերի, 2011թ․
Իտալիա -- Խորհրդարանը քվեարկում է տնտեսական ռեֆորմների փաթեթի օգտին, Հռոմ, 11-ը նոյեմբերի, 2011թ․
Մարիո Մոնտիի նշանակմանը նախորդել է վարչապետ Սիլիվիո Բերլուսկոնիի հրաժարականը։ Վերջինս հրաժարական տվեց Իտալիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իրեն սատարող խորհրդարանական մեծամասնության աջակցությունը կորցնելուց հետո։ Երկրի նախագահին իր հրաժարականը ներկայացնելուց հետո Բերլուսկոնին ստիպված եղավ նախագահական պալատը լքել ետնամուտքից՝ իր հրաժարականը բուռն կերպով տոնող մարդկանցից խուսափելու համար։

Իտալիայի նոր կառավարությանը դժվար աշխատանք է սպասում․ նրանք պետք է կյանքի կոչեն խորհրդարանի հաստատած խիստ տնտեսման միջոցառումներն ու լուծեն Իտալիայի կուտակած հսկայական պարտքը վերադարձնելու հարցը։ Հակաճգնաժամային միջոցառումների մեջ մտնում է ավելացված արժեքի հարկը 20-ից 21 տոկոս բարձրացնելը, պետական գույքի վաճառքը, մասնավոր սեկտորում աշխատող կանանց թոշակի տարիքը բարձրացնելը։
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG