Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը կարեւորում է զորակոչի օրինականությունը եւ արդարությունը


Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի գարնանային զորակոչի արդյունքները, առաջադրվել են խնդիրներ աշնանային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար:

Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են նաեւ պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ եւ զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը կարեւորել է զորակոչը արդարության եւ օրինականության մթնոլորտում կազմակերպելը, շնորհակալություն է հայտնել գարնանային զորակոչի ընթացքում բարեխիղճ աշխատանք ցուցաբերած զինկոմիսարներին եւ խիստ ցուցումներ տվել այն զինկոմիսարներին, որոնց աշխատանքներում եղել են թերացումներ ու բացթողումներ:

Նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության պետ, գնդապետ Արմեն Սահակյանը ներկայացրել է վարչության կողմից զինկոմիսարիատներում կատարված ստուգումների արդյունքները: Մանրակրկիտ ստուգվել են զինակոչիկների փաստաթղթերն ու անձնական գործերը, որոնց մեջ երբեմն առկա են եղել հակասություններ, օրինակ` եղել են դեպքեր, երբ քաղաքացիական բուժհիմնարկների եւ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտության տվյալները չեն համապատասխանել: Ըստ այդմ` հանրապետական հավաքակայանից զինակոչիկները ուղարկվել են լրացուցիչ հետազոտության, իսկ մեղավորներն ու գործի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսեւորողներն էլ պատժվել են։

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը անդրադարձել է գարնանային զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների ու հանցագործությունների, ինչպես նաեւ հարուցված քրեական գործերի վերլուծությանը: Նա հատուկ ընդգծել է բուժհանձնաժողովների թերացումներն ու խախտումները:

Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական աշնանային զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ ու բարձր մակարդակով: Նա զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար տվել է համապատասխան ցուցումներ:

Գարնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու եւ անցկացնելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների եւ այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ նվերներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG