Մատչելիության հղումներ

Քաղաքագետները վերլուծում են ներքաղաքական իրավիճակը


 Ընդդիմության ցույցը Ազատության հրապարակում: 30-ը սեպտեմբերի, 2011թ.
Ընդդիմության ցույցը Ազատության հրապարակում: 30-ը սեպտեմբերի, 2011թ.

Հայաստանցի քաղաքական վերլուծաբաններ Մանվել Սարգսյանն ու Ռուբեն Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենք տեսակետներն են հնչեցրել երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Նրանք համակարծիք են, որ իշխանության համար նախընտրական քարոզարշավն սկսված է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն ասում է, թե Հայաստանում քչերն են հավատում, որ ազատ, արդար ընտրությունների միջոցով կարելի է ձեւավորել պետական իշխանություն, եւ իշխանական համակարգի վերջին վերադասավորումներն էլ, նրա գնահատմամբ, այս համատեքստում է պետք դիտարկել. - «Դիրքավորվում են մարդիկ: Բնական է, որ իշխող կոալիցիան պիտի լուծի մի խնդիր` պահպանի նույն վիճակը, որ բոլորը մնան գոհ»:

«Բարձրագույն իշխանավորները, իհարկե, փորձում են ասել, որ դա այդպես չէ, որ նրանք ռեֆորմների են պատրաստվում, որ լրջագույն հարցեր են դնում, որ լրջագույն ծրագրեր են մշակում, խոսում են բիզնեսի եւ պետական համակարգի, իշխանական համակարգի բաժանման մասին… Այդ ռեֆորմների մասին խոսում էին տարիներ, եւ բնական է, որ դա չի կարելի լուրջ ընդունել: 2008 թվականի ընտրություններից հետո բոլորը տեսան, որ դա ընդամենը խոսակցություններ են. իրականությունը զարգանում է լրիվ ուրիշ ուղղությամբ», - մանրամասնեց Սարգսյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւս իշխանության քայլերի մեջ PR-ի տարրեր է տեսնում. - «Այս վերադասավորումներում տեսնում եմ ուղղակի նաեւ փորձ ինչ-որ տպավորություն ստեղծել, որ իշխանությունը հանդես է գալիս նոր դեմքով, ինչ-որ դասեր է քաղում անցյալից, ինչ-որ նոր բան է ուզում անել… Դրա մասին է խոսում նաեւ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հռետորաբանությունը», - հայտարարեց նա:

Մանվել Սարգսյանի կարծիքով, իշխող Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ լուրջ հակասություն գոյություն չունի. - «Ես չեմ կարծում, որ գոյություն ունի որեւէ էական հակասություն:…Հակասությունը գործող իշխանություններում մեկն է` որ ամեն մեկը ամեն օր փորձում է ուժեղացնել իր դիրքերը»:

Մեհրաբյանի կարծիքով, մինչդեռ, ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ հակասություն կա, որը քաղաքական հակասություն անվանելը դեռեւս սխալ է: Թեեւ դրանք կարող են նաեւ լրջանալ. - «Անցնում է նույնիսկ հռետորաբանության մեջ: Մասնավորաբար եւ Սերժ Սարգսյանի կողմից` այն, որ բիզնեսն ու իշխանությունը պետք է տարանջատվեն: Եվ այստեղ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի խնդիրն ուղղակի ցցուն է դառնում այդ ասածի ֆոնին: Դա կարող է լինել ուղղակի հանդարտության կոչ` ընդամենը եւ ոչ ավելին, կամ էլ պարզապես դա ժամանակի ընթացքում կարող է վերածվել նշանի, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ունենա ոչ ավելի դերակատարում, քան, օրինակ, «Օրինաց երկիր»-ը»:

Մանվել Սարգսյանը «համահունչ» չի համարում «իշխանության մոբիլիզացիան եւ Հայ ազգային կոնգրեսի քայլերը». - «Որովհետեւ պիտի ամբողջ էներգիան ուղղվեր եւ ստեղծվեր մի տեխնոլոգիա, որը ստիպում է գործող համակարգին ենթարկվել հասարակությանը… եւ ստեղծել պայմաններ, որից հետո արդեն ընտրությունները հնարավոր են: Նոր ստրատեգիան արդեն իսկ պարզ հայտարարվում է, որ` պիտի մասնակցենք ընտրական գործընթացներին: Ինչի՞ համար պիտի մասնակցեք, եթե գիտեք, որ ազատ ընտրություններ չկա… Երեւի ուղղակի օգտագործելու համար այդ ընտրական պրոցեսը ինչ-որ քաղաքական պայքարում` ազդեցություն ուժեղացնելու, հասարակությունը մոբիլիզացնելու…»:

Ռուբեն Մեհրաբյանը ձեռնպահ է մնում Կոնգրեսի քայլերը գնահատելուց. - «Որովհետեւ առայժմ` հոկտեմբերի 30-ի հանրահավաքից հետո արված հայտարարություններից այս կողմ, առանձնապես քայլեր են չկան… Հասարակության որոշ մասի մոտ, համենայն դեպս, կա այն մտայնությունը, թե անհրաժեշտություն կա է'լ ավելի ակտիվացնելու եւ տանելու այդ մոբիլիզացիոն աշխատանքը»:
please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG